ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց ՀՀ Զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հնարավորությունների մասին:
«Ռազմաարդյունաբերության զարգացումն անչափ կարևոր է ՀՀ համար: Հատկապես այն երկրների համար է այն կարևոր, որոնք շրջափակման, հակամարտությունների և այլ սահմանափակումների առկայության ներքո են գտնվում»,-նշեց Սեյրան Օհանյանը:
«Գտնում եմ, որ ՀՀ ԶՈՒ զարգացման կարևոր ուղղություններից մեկը սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունն է, և այդտեղ մենք հնարավորություն ունենք մեր զինտեխնիկայի միջոցով մեր կարևոր ուղղությունները համապատասխան մակարդակի վրա ներկայացնել»,-հավելեց նա:
Նախարարի խոսքով՝ ՀՀ ԶՈւ-ն համագործակցում է տարբեր դաշնակից երկրների հետ, և բացի արտոնյալ պայմաններով սպառազինությունների ձեռքբերումից` կան նաև երկարատև զարգացման դաշնակցային պայմանագրեր: «Օրինակ` ՌԴ-ի հետ՝ «Կամազ-Արմենիա», «Կալաշինկով կոնցեռն», ինչպես նաև` Լեհաստանի հետ՝ «Լյուբավա-Արմենիա», այդ ձեռնարկությունները խնդիրներն իրականացնում են»,-եզրափակեց Օհանյանը: