Ո՞վ է Շավարշ Քոչարյանը, որ պաշտոնական գրությանը չի պատասխանում. Արամ Մանուկյանը` ԱԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նա նշեց, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նամակ էր ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվել մարտի 1-ի դեպքերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման մեղավորների նկատմամբ, և ինչ փոխհատուցում են ստացել զոհվածների և տուժողների ընտանիքները:

«Այս նամակի հետ կապված` առաջարկվել էր ՀՀ կառավարությանը մինչև անցյալ տարվա օգոստոսը ներկայացնել տեղեկություններ, թե ինչ է արել վերջինս մարտի մեկի դեպքերի բացահայտման հետ կապված: Իրենք չեն ներկայացրել այդ փաստաթուղթը: Ոչ միայն ՄԱԿ-ին չեն ներկայացրել այդ փաստաթուղթը, այլև իմ հարցին պատասխանել է Շավարշ Քոչարյանը: Եվ Շավարշ Քոչարյանը պատասխանել է, քանի որ 2012 թվականին տրամադրված տեղեկատվությունը սպառիչ է, 2014 թվականին լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել կոմիտեին: Սրանից հետո կոմիտեն նորից է նամակ գրում և ցավում է, որ ՀՀ կառավարությունը չի պատասխանել իրենց հարցին: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ չեք կատարում ՄԱԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճ պատասխանեց. «Ես կքննարկեմ հարցը և ձեզ գրավոր կամ բանավոր կպատասխանեմ»: Պատգամավորն էլ արձագանքեց, որ սա վերաբերում է Հայաստանի վարկին:

«Ո՞վ է Շավարշ Քոչարյանը կամ նախարարությունը, որ պաշտոնական գրությանը չի պատասխանում: Գնացե´ք, ձեր հարցերը լուծե´ք: Երկու օր հետո ՄԱԿ-ը քննարկելու է Հայաստանի մասին զեկույցը»,- նշեց նա:

Նախարարն էլ խոստացավ երկու օրվա ընթացքում պատասխանել նամակին, սակայն Արամ Մանուկյանը տեղից արձագանքեց` ասելով՝ արդեն ուշացած է:




Լրահոս