ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց ադրբեջանական դիվերսիոն խմբից, որի անդամներին Ադրբեջանին հանձնելու համար ԱՄՆ-ն միջնորդությամբ է հանդես եկել:
«Խոսքը վերաբերում է այն դիվերսիոն խմբին, որը վնասազերծվեց Ղարաբաղում: Դատավարությունը կատարվեց, բայց հիմա միջնորդությամբ է հանդես եկել ԱՄՆ-ն, և ես մտահոգություն ունեմ, որ նորից հարցը տեղափոխվի այլ հարթություն», – նշեց նա:
ՀՅԴ պատգմավորի խոսքով՝ հայկական կողմը պետք է ճանաչի, որ ԼՂՀ-ն գոյություն ունեցող անկախ պետություն է:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ այդ դիվերսանտների կողմից կատարված հանցագործությունները բացահայտված ու ապացուցված են, ներառյալ` 17-ամյա պատանու առևանգումը, խոշտանգումն ու դաժան սպանությունը:
«Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե ինչպես են հերոսացնում ու ընդունում մարդասպաններին Ադրբեջանում, ինչպես եղավ տխրահռչակ Սաֆարովի հետ, որը միակ դեպքը չէր: Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրությունից, բայց ի՞նչ մարդասիրության մասին կարող ենք խոսել Ադրբեջանի պարագայում: Ադրբեջանում հայտնված քանի հայազգի քաղաքացիական անձինք ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով նվաստացվել են կամերաների առաջ, ապա` սպանվել: Կամ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժեցին Մինսկի խմբի, Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի կոչերը, որ պայմաններ ստեղծվեն, որ տեղահանվեն ուղղաթիռի անկման վայրից ուղղաթիռի անձնակազմի աճյունները»,-հայտարարեց նա։
Նախարարը նաև հերքեց այն լուրերը, որ տարածել էին ադրբեջանցիները, թե եռանախագահներն այդ հարցը բարձրացրել են այստեղ հանդիպման ժամանակ:
Ռուստամյանը նշեց, որ իր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանն այսօր պահանջում է, որ այդ անձանց վերադարձվեն:
«Եվ եթե այս ֆոնի վրա մենք իրականությունը չներկայացնենք ու համապատասխան դիվանագիտական քայլեր չկատարենք, եթե հանկարծ Աստված մի արասցե, մենք գնանք այդ քայլին ու վերադարձվեն, կնշանակի` Ադրբեջանի հաղթանակ քարոզչության դաշտում»,-նշեց պատգամավորը:
Էդվարդ Նալբանդյանն էլ պատասխանեց, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին ներկայացվել են համապատասխան փաստերը: