Հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական եւ բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հաշվառման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը օգոստոսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին:
Քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Սամվել Թադեւոսյանը կարեւորելով ծրագրի իրագործումը նշել է, որ այն հստակ պատկերացում կտա վթարավտանգ շենքերի քանակի, դրանց վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ եւ ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ կբարձրացնի առկա բնակարանային ֆոնդի կառավարման արդյունավետությունը: Նախարարն ընդգծել է, որ ծրագրի իրագործումը նախատեսվում է մեկնարկել դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերով:
Իր հերթին ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանը կարեւորել է ծրագրի իրագործումը` նշելով, որ ՀԲ-ում լավատեղյակ են մեր հանրապետության շենքերի սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներին: Տիկին Մելքումյանը հույս է հայտնել, որ ծրագրի իրագործման համար կգտնեն միջոցներ ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ այլ դոնոր կազմակերպությունների միջոցներից: