«Գանձասարը» կշարունակի ելույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն ավարտեցին ձմեռային նախապատրաստական փուլը:

Դրանց մեծ մասն ուսումնամարզական հավաքներ անցկացրին Թուրքիայում, այդ թվում մեր առաջնության առաջատար «Ուլիսը», գործող չեմպիոն «Բանանցը», գավաթակիր «Փյունիկը», փոխչեմպիոն «Շիրակը» եւ «Ալաշկերտը»: Երեւանի «Արարատը», կարծես, խորհրդային տարիներից եկած ավանդույթի համաձայն, նոր մրցաշարին նախապատրասվեց Սեւ ծովի ափին, իսկ «Միկան» նախընտրել էր կիպրոսյան տարբերակը:

Մեր թիմերը զուգահեռաբար անցկացրել են ստուգողական բազում հանդիպումներ: Դրանց արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, քանի որ մերոնք ավելի շատ զիջել են իրենց մրցակիցներին, քան` հաղթել: Այդ խաղերում համեմատաբար հաջող են քննություն հանձնել «Ալաշկերտը» եւ «Արարատը», որոնք պարտություն չեն կրել:

Իսկ ահա Կապանի «Գանձասարը» ֆինանսական խնդիրների պատճառով ոչ միայն չի կարողացել ուսհավաք անցկացնել, այլեւ վերջին օրերին ընդհանրապես դադարել էր մարզվել: Անգամ հարցականի տակ էր թիմի մասնակցությունը առաջնությունում: Սակայն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի ժամանակ հայտարարվել է, որ թիմը շարունակելու իր ելույթները, բայց «Գանձասար-Կապան» անվան տակ:

Մեր բոլոր ակումբներն արդեն վերադարձել են Հայաստան եւ անմիջական պատրաստվում են առաջնության երկրորդ կեսին, որը կմեկնարկի մարտի 1-ին: Այդ օրը տեղի կունենան 16-րդ տուրի հանդիպումները: Դրանցից առավել սկզբունքային նշանակություն ունեն «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» եւ «Միկա» – «Ալաշկերտ» հանդիպումները:




Լրահոս