Ո՞ՐՆ Է ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարցազրույցի այս հատվածում դերասան ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ պարզեցինք՝ արդյոք գոհ է իր կատարած ընտրությունից, ու ինչ հարցեր են նրան հուզում այս կյանքում:  
-Ասացիք, որ Ձեր շուրջը կատարվող իրադարձություններից ոչինչ չեք նկատում: Փակ շուկա՞ն էլ չեք նկատել, որ քանդեցին, ձեւափոխեցին:
-Ես “Ֆեյսբուք”-ով նկարները տեսա կրկին 1 ամիս հետո, որովհետեւ ամբողջ օրը կա՛մ թատրոնում եմ, կա՛մ պավիլիոններում ու նկարահանման հրապարակներում: Նույնիսկ կողքովս մեքենա է անցնում, չեմ հասցնում նայել, նայեմ, կխփեմ մեքենաս, բայց չէ՞ որ այդ մեքենան իմ քրտնաջան աշխատանքով եմ առել: 
-Ուրեմն Ձեզ կարելի է որակել որպես անուշադիր քաղաքացի:
-Վա՜յ, չէ՛-չէ՛-չէ՛, ուղղակի ես իմ գործը շատ եմ սիրում ու կլանված եմ զբաղվում: Թող քաղաքական գործիչներն էլ իրենց գործը շատ սիրեն ու իրենց գործով զբաղվեն:
-Չեք հասցնում քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցել, գոնե ընտրություններին մասնակցե՞լ եք:
-Հասցրել եմ մասնակցել, ընտրել եմ, բնականաբար չեմ ասի՝ ում: Ես ուղղակի թույլ չէի տա, որ իմ ձայնն ուրիշն օգտագործեր:
-Ձեր սպասումներն արդարացա՞ն:
-Ընտրություն եմ կատարել ու դժգոհ չեմ: Բայց էլի եմ ասում՝ ինչքան էլ փոխվի ղեկավարությունը, ուզում եմ խնդրել բոլոր ղեկավարներին, մշակույթի նախարարությանը, բոլոր նրանց, ովքեր զբաղվում են իրենց աշխատանքով, թող ուշադրություն դարձնեն բոլոր ճյուղերին՝ սկսած շոու բիզնեսից, թատրոններից, մշակութային օջախներից… Այսօր շատ ղեկավարներ, իրենց գործը թողած, այլ բաներով են զբաղվում եւ ուշադրություն չեն դարձնում այն ամենին, ինչ կարեւոր է: Մշակույթն էլ են անտեսել: Ես միշտ ասել եմ՝ երազում եմ, որ թատրոնում իմ աշխատավարձը լինի մինիմում 600.000-800.000 դրամ: Ես անկեղծ եմ ասում, եթե այդքան աշխատավարձ ստանամ, այլ տեղ չեմ նկարվի, թատրոնից դուրս չեմ գա, որովհետեւ թատրոնն ինձ համար ուրիշ աշխարհ է, ուրիշ կյանք, երբ բարձրանում ես բեմ, ամեն ինչի մասին մոռանում ես:
Շատ եմ ուզում, որ թատրոններին ուշադրություն դարձնեն: Մեր թատրոնը` Կամերայինը, այսօր երեւի միակ թատրոնն է, որտեղ դերասանի աշխատավարձը բարձր է: Ես ստանում  եմ 100.000 դրամ, բայց մյուս թատրոններում վաստակավոր դերասաններն այդքան չեն ստանում: Ցավում եմ, որ այսօր շատ դերասաններ կան, որ թատրոնից դուրս են գալիս, քայլելով գնում են կանգառ, նստում հասարակական տրանսպորտ: Ու նույն հանդիսատեսը, որ քիչ առաջ նայում էր նրան բեմի վրա, հիմա արդեն տեսնում է երթուղայինի մեջ: Սխալ է դա: Լիքը անիմաստ պատգամավորներ կան, որ շքեղ մեքենաներով են շրջում:
-Խելքին մո՞տ է, որ մեր երկրում 600-800 հազար դրամ կլինի դերասանի աշխատավարձը, երբ նվազագույն աշխատավարձը 30.000 դրամ է: 
-Լավ, այդ դեպքում թող իմ աշխատավարձը մաքսիմալ լինի 600.000 դրամ: Գոնե կհարմարացնեմ, տարին մեկ անգամ կգնամ մի տեղ հանգստանալու, ինչը հիմա չենք անում:
-Այս պահին Դուք եւ Ձեր կինն եք, ընտանիքը փոքր է, ամսական որքա՞ն գումար եք ծախսում:
-Եթե հաց ուտես, կոմունալները տաս ու ոչ մի բան կողքից չանես, մի 100.000 դրամը բավական կլինի: Այդ դեպքում պետք է նաեւ երեխա չունենաս, որ ծախսեր չլինեն (ծիծաղում է-խմբ.), դրա համար էլ մեր բնակչության աճը գնալով պակասում է, բաժանություններն էլ շատանում են, որովհետեւ ֆինանսական խնդիրները ստիպում են մարդկանց շատ տարաձայնություններ ունենալ: Ես ուղղակի չեմ ուզում այդ ամենի մեջ խառնվել, ես սիրահարն եմ իմ աշխատանքի ու սրտանց այն կատարում եմ: Թող ամեն մեկն էլ իր գործն այսչափ նվիրվածությամբ անի, որ գոնե մի բան շտկվի:
-Ա՛յ հիմա ամառ է, չե՞ք պատրաստվում որեւէ տեղ մեկնել:
-Ցավում եմ, բայց այս տարի չեմ կարող գնալ որեւէ տեղ՝ հանգստանալու, ընդամենը մի ամսից բալիկ եմ ունենալու: Իսկ այդ դեպքում չեմ կարող կնոջս հետ որեւէ տեղ գնալ:  Ամենամոտը` տատիկիս տուն` Դիլիջան, որտեղ խելոք մեզ համար կգնանք ու մի քանի օր կմնանք տատիկիս սեփական տանը: Շատ հաճախ ենք գնում Դիլիջան, նույնիսկ պատահում է՝ հանգստյան օրերն էլ ենք այնտեղ անցկացնում: Երկրից դուրս ես կգնամ սեպտեմբերին ,No commentե ներկայացման շրջանակներում: 
-Բալիկի ծնունդին այստեղ չե՞ք լինելու:
-Հնարավոր է նաեւ՝ չլինեմ, մինչեւ սեպտեմբերի 2-ն են տվել ժամկետը, մենք էլ հենց սեպտեմբերի սկիզբ գնալու ենք Միացյալ Նահանգներ: Իսկապես չգիտեմ՝ երեխայիս ծնունդի օրը կլինեմ այստեղ, թե ոչ: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս