Այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ Պաշտպանի մոտ անհատական ընդունելության ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել նաև մանկական պարալիչով տառապող 11-ամյա Անիի մայրը։ Նրա խոսքերով երեխային մեքենայից իջեցնելու համար նույնիսկ կարճաժամկետ կայանելու դեպքում նա մի քանի անգամ տուգանվել է ոստիկանության կողմից։
Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, խնդիրն ուսումնասիրելիս պարզ էր դարձել, որ պատճառը հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխողներին վերաբերող Կառավարության համապատասխան որոշումն է։
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոցների օգտագործման համար արտոնություններ նախատեսող նշանների ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները կամ փոխադրում են նման հաշմանդամների: Այսինքն, Կառավարության սույն որոշմամբ սահմանված դրույթով վերոնշյալ արտոնությունները չեն տրամադրվում “հաշմանդամ երեխա” կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին։
ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ սա լուրջ մտահոգության առիթ է տալիս երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ մեր հասարակությունում կան բազմաթիվ այդպիսի երեխաներ։
Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բարձրացրել էր այս խնդիրը և առաջարկ արել ՀՀ վարչապետին լրացումներ կատարել Կառավարության որոշման համապատասխան կետերում։ Վարչապետն ընդունել էր Պաշտպանի առաջարկը և հանձնարարական տվել՝ կատարել համապատասխան փոփոխությունները։
Այդ հանձնարարականին համապատասխան, ՄԻՊ-ի տեղեկացմամբ, օրեր առաջ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկ է ներկայացրել Կառավարության որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները տարածել նաև “հաշմանդամ երեխա” կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։
“Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս շուտ կհաստատի այս առաջարկը՝ լուծելով բազմաթիվ հաշմանդամ երեխաների խնդիրը”,- նշված է ՄԻ պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ: