Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված է 10-ը բռնցքամարտիկով: Երեկ ասպարեզ ելած մեր 6 բռնցքամարտիկներից 4-ը հաղթեցին իրենց մրցակիցներին: Իր 2-րդ աննդմեջ հաղթանակը տոնեց 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով կրկին մրցելով Բուլղարիան ներկայացնող մարզիկի հետ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Վստահ հաղթանակ տոնեց նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Իռլանդացի Իռվին Բռանդանի նկատմամբ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ում մրցակիցը պանամացի Ժաիմ Մունոզն էր: Իր առաջին մենամարտում հաղթանակ տոնեց նաև 75 կգ քաշային՝ մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն մարզիկ, Արման Հովհիկյանը, ով պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Անտոն Դմիտրովին:
Ցավոք 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովն ու 81 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին: Հովհաննես Բաչկովը զիջեց Լորենցո Ստոմայորին, իսկ Նարեկ Մանասյանը՝ Ռադոսլավ Պանտալևին:
Այսօր «Ստրանջա»-ի մրցաշարում կկայանան ¼ եզրափակչի մենամարտերը: Մեր 10 բռնցքամարտիկներից 7-ը կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի և միևնույն ժամանակ մեդալի համար:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ժոզեպ Մապոշ Ձիկամանիի հետ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կրկին անգլիացի Ջեք Բատեսոնն է, ով հանդիսանում է այս քաշային կարգի Անգլիայի ուժեղագույն մարզիկը: 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի ղազախ Զաբոլատ Տիլեգենուլի հետ: 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանի մրցակիցը Չեխիան ներկայացնող մեր հայրենակից Էրիկ Ագատելյանն է: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը այս մրցաշարի իր 3-րդ մենամարտում կփորձի հաղթահարել Ուզբեկստանը ներկայացնող Իսրաիլ Մադրիմովի արգելքը: 75 կգ քաշային Արման Հովհիկյանը կմենամարտի ուկրաինացի Վալերի Խարլամովի հետ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Քրիստիան Դմիտրովը:
Հարգանքով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն