ՏԱՐՈՍԸ ՄԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կահիրեի «Թահրիր» հրապարակը երեկ ցնծում էր: Մարդիկ ուրախությունից արտասվում էին, գրկում, շնորհավորում միմյանց: Օրեր շարունակ եգիպտացիների մղած պայքարը վերջապես իր արդյունքը տվեց, եւ նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:«Այս դժվար պայմաններում, որոնց բախվել է երկիրը, նախագահ Մուհամմեդ Հոսնի Մուբարաքը որոշեց թողնել նախագահի պաշտոնը եւ Զինված ուժերի բարձրագույն խորհրդին հանձնարարեց ղեկավարել երկիրը»,- Եգիպտոսի պետական հեռուստաընկերության եթերով իր հակիրճ ելույթում ասել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը:  Եգիպտոսի ընդդիմության առաջնորդ Մոհամմեդ էլ Բարադեյը երեկ հավաքված բազմության մոտ հայտարարել է, որ «Այսօր իմ կյանքի ամենահրաշալի օրն է: Ի վերջո, երկիրը հասավ ազատության»: Բնականաբար, Հայաստանի գրեթե կեսը համակ ուշադրությամբ հետեւում էր Կահիրեում տեղի ունեցող իրադարձություններին: Նույնիսկ մի տեսակ նախանձով նկատում, թե «փալաններով փաթաթված եգիպտացիների չափ էլ չկանք: Նրանք կարողացան կանգնել մինչեւ վերջ, իսկ մենք…»: Խմբագրություն զանգահարած քաղաքացիներից շատերին էլ թվում էր, թե միայն իրենք են լսել, որ Մուբարաքը հրաժարական է տվել. «բա իմացա՞ք, Եգիպտոսի նախագահն էլ գնաց, իսկ մենք հըլը սպասում ենք, բայց չգիտեմ` ում եւ ինչի»: Մի պապիկ էլ ասաց, թե «գոնե մի երկու եգիպտացու բերենք Հայաստան, էս ժողովրդին բան սովորեցնի: Փախնում, մտնում են իրենց տները, թող դուրս գան, թող պայքարեն, տեսա՞ք մարդիկ քանի օր ու գիշեր կանգնեցին, մինչեւ 32 տարվա պրեզիդենտը փախավ ուրիշ երկիր: Այ, տենց ա լինում պայքարը, չէ մեր նման»:Պետք է խոստովանել, որ, որպես ՀՀ քաղաքացի, մենք բարի նախանձով ընդունեցինք այդ լուրը (չնայած նախանձի բարին չի լինում): Ինչո՞ւ մեզ երկու տարի առաջ չհաջողվեց Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը, ինչո՞ւ պիտի 3 միլիոնանոց ժողովուրդը 10 զոհ տար ու ոչինչի չհասներ: Ի վերջո, մենք ինչո՞վ ենք պակաս աշխարհի մյուս ժողովուրդներից, որ չենք կարողանում ապրել ազատ, անկախ եւ ժողովրդավար Հայաստանում: Բայց պետք չէ հուսահատվել, կգա այդ օրը: Այն շատ հեռու չէ:




Լրահոս