Այսօր կառավարության նիստում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծ: Դրանով նախատեսվում է 2015թ. հունվարի 12-ի ռմբակոծությունների հետևանքով վնասված սահմանամերձ համայնքների բնակելի տների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացնել 6 միլիոն 337 հազար դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Հարգելի´ գործընկերներ, սա Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Չինարի, Կոթի և Պառավաքար գյուղերի 134 բնակիչներին գույքի կորստի վերականգնման նպատակով է տրամադրվում: Մեր ուշադրության կենտրոնում սահմանամերձ համայնքներն են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ համայնքների բնակիչները որևէ խնդիր չունենան: Իսկ կառավարության օժանդակությունը շարունակական բնույթ պետք է կրի»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` 32 սահմանամերձ համայքների բնակիչների գազի, էլեկտրոէներգիայի, ոռոգման ջրի մասնակի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման համար 2015-ին բյուջեով հատկացվեց 928 միլիոն 821 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս որոշումը, պայմանավորվածության համաձայն, իրականացվում է ՝ աջակցելու համար սահմանամերձ համայնքներին: