ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը, որը զգացվեց նույնիսկ Երեւանում, այսօր մտահոգությունների լուրջ առիթ է տվել:
Տագնապած են Սյունիքի մարզի բնակիչները, հատկապես՝ քաղաքաբնակ հատվածը: Արդեն մի քանի օր է՝ նրանք վախենում են վերադառնալ իրենց բնակարանները: Արդյունքում՝ մարդիկ ստիպված գիշերում են դրսում՝ մեքենաների մեջ, կամ էլ հարակից գյուղերի բարեկամների տանը: Իշխանություններն էլ, փոխանակ օգնեն ու հանգստացնեն մարդկանց, փորձում են ծածկադմփոց անել՝ հայտարարելով, թե մարզի բնակավայրերը չեն վնասվել, ամեն ինչ կարգին է: Մինչդեռ ականատեսները հակառակն են պնդում. տները ճաքճքել են, հայտնվել են փլուզման եզրին:
Ամենեւին էլ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ կատարվածից  խիստ անհանգստացել են նաեւ մայրաքաղաքի բնակիչները: Տագնապած են, որովհետեւ բոլորն են գիտակցում՝ ապրում ենք սեյսմիկ առումով անկայուն գոտում, որտեղ սեյսմակայունության տեսանկյունից լուրջ վտանգ են ներկայացնում նաեւ բնակելի շենքերը: Խոսքը միայն ԽՍՀՄ օրոք կառուցված շենքերի մասին չէ: Պակաս վտանգավոր չեն նաեւ մայրաքաղաքում օր օրի աճող «մասանդրաներով բոնբոներկա» հիշեցնող էլիտար շինությունները:
Բայց մի բան է, երբ այս մասին խոսում են քաղաքացիները, մեկ այլ բան, երբ ահազանգում են մասնագետները: Օրինակ՝ սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը երեկ հանդիպել է լրագրողների հետ ու բավական մռայլ կանխատեսումներ արել: «Ի՞նչ անեն սեյսմոլոգները, երբ Հայաստանի, երեւանյան շենքերի մոտ 70-80%-ը խորհրդային կառույցներ են եւ գտնվում են շատ վատ վիճակում»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե հաջորդ երկրաշարժը լինի Հայաստանում՝ մայրաքաղաքի մոտ, ապա Երեւանի բնակֆոնդի մոտ 80%-ը լիովին կփլուզվի: «Կկանգնենք այնպիսի մի ազգային աղետի առաջ, որը հաստատ չենք մարսելու: Ես չասեմ, դո՛ւք ասեք. հանրապետության ո՞ր մասն է տեղավորված Երեւանում՝ առնվազն մեկ երրորդը, եթե հավատանք պաշտոնական տվյալներին: Այսինքն՝ մեկ միլիոն մարդ ու դեռ մի քիչ էլ ավելի»: Ինչ վերաբերում է էլիտար շենքերին, ապա Վլադիմիր Բալասանյանն անձամբ չցանկացավ անդրադառնալ այդ խնդրին՝ առաջարկելով հարցի պատասխանը ստանալ քաղաքապետարանից: Նա ընդամենը նշեց, որ էլիտար շինությունները մայրաքաղաքում շատ խիտ են, խախտում են ոչ միայն  քաղաքաշինական, այլեւ անվտանգության նորմերը:
Բայց հազիվ թե Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքը բռնած, շրջի մայրաքաղաքով, մատնացույց անի էլիտար շինություններն ու ասի. «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սիրուն չէ: Ավելին, որ անվտանգ չէ»: Չի ասի, որովհետեւ՝ այս նույն իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից սկսած, իրենց մասնաբաժինն ունեն շահութաբեր բիզնեսում: Չի ասի, որովհետեւ իշխանությունները հենց այդ շինարարության հաշվին կարողացան տնտեսական աճի թիվ նկարել: Ու թքած՝ ինչ հետեւանքներ կունենա այս ամենը: Կարեւորը՝ իրենց գրպանը լիքը լինի:




Լրահոս