Այո, արտահանման օֆշոր, ի՞նչ վատ է. Վարդան Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի նիստում «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկումն ընթացավ բուռն վիճաբանությամբ:

«Մի բանի մասին խոսում եք, գոնե մինիմալ պիտի պատկերացնեք, թե ինչի մասին է օրենքը»,- հայտարարեց Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ երբ ասում էին՝ ԵՏՄ-ն հնարավորություն է, նաև սա նկատի ունեին, նույնը վերաբերում է նաև ԵՄ-ին:

Այվազյանին տեղից առանց խոսափողի հակադարձում էր պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Հանգի´ստ, հանգի´ստ, երկխոսւթունը դադարեցրե´ք: Ես որևէ ռեժիմ կսահմանեմ, որ կուշտ կարողանաք բանավիճեք»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Պարո´ն Բագրատյան, եթե Դուք էլ չեք հասկանում, թե որտեղ է գնում սրա շահութահարկի տարբերությունը, շատ ցավում եմ»,- ասաց Այվազյանը:  Ըստ նրա՝ եթե այստեղ փոքրացվի շահութահարկը, ընկերությունները կգրանցվեն ՀՀ-ում, և այլ տեղում չեն վճարի շահութահարկ: Այվազյանը նշեց, որ կոնյակը, ոսկերչությունը, ծխախոտի արտադրությունն ու հանքարդյունաբերությունն օրենքի տակ չեն ընկնում, մնում են շինանյութերն ու պատրաստի արտադրանքը:

«Բառացի գրված է «արտահանում»: Իսկ արտահանման ռեժիմը մեր մոտ ամբողջապես ազատված է: Եթե պիտի կոնսոլիդացվեն, 18%-ը մեկը մյուսի հետ կիսեն, է՜, թող անեն: Է՜, նախկինում էլ էր, արտահանման մասը թող անեն, էսօր էլ ունենք օֆշոր… կներեք, օֆշոր չեն ասում, ասում են՝ ազատ տնտեսական գոտիներ: Այո, արտահանման օֆշոր: Ի՞նչ վատ է: Աշխարհի 40%-ը որ զարգացել է դրա վրա, ի՞նչ վատ է»:

«Մեղավորները խոսափողներն են, որ ձեզ տանում են պատերազմի»,- նկատեց Գ. Սահակյանն ու Վ. Այվազյանին հորդորեց հաջորդ շաբաթ քննարկումներ կազմակերպել, որոնց կմասնակցեն Հրանտ Բագրատյանը, Հեղինե Բիշարյանը. «Արծվիկին չեմ ասում, ասեմ՝ չասեմ, կմասնակցի»:




Լրահոս