ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո շատերը պնդում էին, թե հայ հասարակությունը դեգրադացվել է, որ  ՀՀ քաղաքացին վերածվել է ընդամենը բնակչի: Իսկ նման ենթադրությունների տեղիք տվել էր ընտրությունների օրը տեղի ունեցածը, երբ մարդիկ զանգվածաբար ընտրակաշառք էին վերցնում՝ ընդամենը 10-20 հազար դրամով վաճառելով իրենց ապագան: Հնչեց նաեւ տեսակետ, որ այս ամենի համար պետք է մեղադրել ոչ թե հասարակությանը, այլ իշխանություններին, քանի որ ռեժիմն է մարդկանց զանգվածաբար դրել նման անհարմար իրավիճակում՝ դրդելով պետական հանցագործության, այդպես նաեւ փչացնելով ու այլասերելով ժողովրդին: Այլ կերպ ասած՝ ժամանակին «թաթար-մոնղոլական խանություն» որակմանն արժանացած այս իշխանությունը, չկարողանալով հարմարվել հայ հասարակությանը, վերջինիս հարմարեցրեց իրեն:
Ամենքին է հայտնի, որ ՀՀ իշխանությունները որակական լուրջ փոփոխություններ են կրել, ընդ որում դեպի վատը: Վերցնենք, թեկուզ, երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի կրթական մակարդակը եւ փորձենք համեմատել: Տարբերություններն ակնհայտ են, անհամեմատելի:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, իսկ ասպիրանտուրան՝ Լենինգրադում: Նա գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է: Մատենադարանի նախկին գիտաշխատող է, տիրապետում է ինը օտար լեզվի: Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատանքի: Այսօր նույնիսկ նրա քաղաքական ամենաթունդ հակառակորդներն են խոստովանում Տեր-Պետրոսյան գիտնականի մեծությունը:
Նրան հաջորդած Ռոբերտ Քոչարյանը ստացել է բարձրագույն կրթություն, բայց հեռակա. նա ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա բաժինը: Բայց չնայած հեռակա տեխնիկական կրթությանը, իր պաշտոնավարման ընթացքում Քոչարյանը հասցրեց հարստացնել քաղաքական տերմինաբանությունը՝ ներմուծելով յուրօրինակ արտահայտություններ՝ «վիզկապ», «կլիզմա», «գոտկատեղից ներքեւ՝ փափուկ մաս», «մասանդրա», «վատ պարողին խանգարող հանգամանքներ» եւ այսպես շարունակ:
Սերժ Սարգսյանն էլ բարձրագույն կրթություն է ստացել երեկոյան ուսուցմամբ. նա ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Հավանաբար այս մասնագիտությունը Ս. Սարգսյանին էլ իր հերթին է օգնել հայոց լեզվի բառապաշարը հարստացնել նորանոր բառերով, ինչպիսիք են, օրինակ՝«շըտըկել», «ունդունել» եւ այլն: Ի դեպ, Ս.Սարգսյանն իր կրթական մակարդակով զիջում է նաեւ տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարներին: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սովորել է Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, այնուհետեւ՝ Կոլումբիայի համալսարանում, հետո՝ Ջ.Վաշինգտոնի անվան համալսարանում: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, պատմական գիտությունների թեկնածու է:
Ինչ վերաբերվում է ՀՀ ԱԺ նախագահներին, ապա այստեղ եւս ակնհայտ է որակական տարբերություն: ՀՀ ԱԺ առաջին նախագահը Բաբկեն Արարքցյանն էր. նա բարձրագույն կրթությունը ստացել էր Մոսկվայի պետական համալսարանում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Արարքցյանի հեղինակած դասագրքերով են այսօր ուսուցում ստանում բուհերի ֆիզմաթ ֆակուլտետների ուսանողները: Այնինչ այսօրվա ԱԺ նախագահը՝ Հովիկ Աբրահամյանը, ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը: Թե որ թվականին է նա ստացել բարձրագույն կրթություն, այդ մասին Արգամիչի պաշտոնական կենսագրությունը լռում է:
ՀՀ ամենաերկար պաշտոնավարած վարչապետերի՝ Հրանտ Բագրատյանի եւ Տիգրան Սարգսյանի կենսագրությունները եւ անհամեմատելի են: Բագրատյանը սովորել է Երեւանի ժող.տնտեսության ինստիտուտում, այնուհետեւ՝ ԳԱԱ ասպիրանտուրայում: Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր է, ավելի քան 60 գիտական հոդվածների եւ 9 մենագրությունների հեղինակ: Նրան աշխարհի տարբեր համալսարաններից պարբերաբար հրավիրում են տնտեսագիտության բնագավառում դասախոսություններ կարդալու: Սա՝ ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, որն ընդամենը գիտությունների թեկնածու է եւ բացի այդ, որպես տնտեսագետ՝ չունի այն հեղինակությունը, որը վայելում է Բագրատյանը:
…Իսկ այսքանից հետո դեռ խոսում են հասարակության դեգրադացվածության մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս