Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մանկապարտեզը փետրվարի 1-ից փակ է: Պետական բյուջեի միջոցներով կառուցված մանկապարտեզի շենքը գործարկվել է 2014թ. հունիսի 1-ին, հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը:
Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ 27 սան ունեցող մանկապարտեզի աշխատակազմի մեծ մասը արձակուրդից կվերադառնա մարտի կեսին, երբ լուծված կլինի մանկապարտեզի գազաֆիկացման խնդիրը: Որպեսզի Ոսկեվան գյուղը եւ մանկապարտեզը գազաֆիկացվեն, անհրաժեշտ է, որ գյուղի 50 ընտանիքներ դիմում գրեն առ այն, որ պատրաստ են հոգալ գազի ցանցն իրենց բնակարանին միացնելու ծախսերը: Առայժմ նման ցանկություն է հայտնել ոսկեվանցի 30 ընտանիք, ակնկալվում է, որ մինչեւ մարտի կեսերն այդ ընտանիքների թիվը կավելանա:
Գյուղապետն ասաց, որ մինչ այժմ մանկապարտեզը ջեռուցվել է էլեկտրական տաքացուցիչներով:
Ոսկան Սարգսյան
Տավուշ