Մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր, Ներքին Ծաղկավան համայնքներում: Ակնաղբյուրում գրանցվել են համայնքի ղեկավարի 2 թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը եւ ոչ մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ, 1975թ. ծնված Արազ Միրզոյանը:
Նախկինում տեղեկացրել ենք, որ ՀՀԿ անդամ Արազ Միրզոյանն իրականում առաջադրվել է գյուղապետ Կարեն Դոլմազյանի կողմից, քանի որ գործող ընտրական օրենսգրքով ընտրությունները կայացած են համարվում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցվել է մեկից ավելի թեկնածու: Տավուշի մարզի թիվ 40 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ փետրվարի 20-ից Ա. Միրզոյանը ինքնաբացարկ է հայտնել: Հավելենք, որ Կ. Դոլմազյանը 445 բնակիչ ունեցող Ակնաղբյուր համայնքը ղեկավարում է 2004 թվականից:
Ի տարբերություն Ակնաղբյուրի՝ գյուղապետի պաշտոնի համար իրական պայքար է սպասվում Ներքին Ծաղկավան համայնքում: Այստեղ առկա են 2 թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1963թ. ծնված Նաիրի Աթաբեկյանը եւ Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, անկուսակցական, 1979թ. ծնված Իսկանդար Մեհրաբյանը: Ն. Աթաբեկյանը 549 բնակիչ ունեցող այդ համայնքը ղեկավարում է 2001 թվականից: