ԵՏՄ անդամակցությո՞ւնն էլ չի փրկում գազի թանկացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն օրեր առաջ խորհրդարանում ուշագրավ հայտարարություն էր արել` ասելով, որ ներկայումս գազի գնի հարցն է քննարկվում: «Կարող եմ ասել, որ Հայաստանը բանակցութուններ է վարում ռուսականի կողմի հետ, որպեսզի գազի գինը, դոլարի փոխարժեքով պայմանավորված, չբարձրանա», – նշել է Նազարյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ գազի գինը թանկացրել էր 2013թ.-ի հունիսին: Այդ ժամանակ գազի խորանարդ մետրի գինը 130  դրամից դարձավ 156: Հայաստանի իշխանություններն այդ տարի խոստացել էին 5 տարի անփոփոխ թողնել գազի գինը:

«Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազում, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանալու, որովհետև առաջիկա հինգ տարվա համար կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար գազի գնի վերաբերյալ»,- հայտարարել էր ՀՀ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Այս խոսքերից  շատ չանցած` ընդամենը մեկ տարի անց՝ 2014-ի դեկտեմբերի վերջին, «Գազպրոմ Արմենիա»-ն հայտնեց, որ 2015-ի հունվարի 1-ից 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ օգտագործողների համար մեկ խորանարդ մետր կթանկանա 15 դրամով կամ ավելի քան 13 %-ով, քանի որ դրամն արժեզրկվել է: Այս դեպքերից էլ ընդամենը երկու ամիս է անցել, և պարզվում է` փորձում են քայլեր անել, որ գազը չթանկանա:

Նման բանակցություններ վարելու փաստն արդեն իսկ աբսուրդ է: Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելիս հիմնական փաստարկը հենց այն էր, որ առաջիկա տարիներին գազի գինը կմնա անփոփոխ: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «հայկական կողմ»: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լիարժեք ռուսական կառավարման ներքո է և ամենամեծ ցանկության դեպքում անգամ այդ ընկերությանը չես կարող համարել «հայկական կողմ»:




Լրահոս