Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բիզնեսներ չունե՞ն:
Ի պատասխան` Գալուստ Սահակյանն ասաց. «Ես ինձ շատ լավ եմ զգում, որ մարդ բիզնես ունի: Մի բան է ունենալ բիզնես, այլ բան է` զբաղվել բիզնեսով»:
ԱԺ նախագահը համոզված է` Հովիկ Աբրահամյանը մինչև ուշ գիշեր զբաղվում է իր գործով, ոչ թե բիզնեսով:
«Իմ կարծիքով` քաղաքականությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, ովքեր տարիներ շարունակ ճանապարհ են անցել, ունեցել են կտտանքներ, վերելքներ, վայրէջքներ և դարձել են պրոֆեսիոնալներ: 2005-ից հետո ինձ համարել են քաղաքական գործիչ, բայց ես ինձ չեմ համարել, նոր 2006-ից հետո ես համարվել եմ քաղաքական գործիչ»,- ասաց Սահակյանը:
Հարցին` Գագիկ Ծառուկյա՞նն է ավելի լուրջ քաղաքական գործիչ, թե՞ Առաքել Մովսիսյանը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Երկուսին էլ կարելի է բնութագրել դրական` այն առումով, որ դեռևս մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա հաղթանակի արյան բծեր կան, և Գագիկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ բավականին լուրջ հաղթանակներ բերեց Հայաստանի տնտեսական ոլորտին»:
Հարցին, թե Հայաստանում բոլոր քաղաքականությամբ զբաղվողնե՞րն են պրոֆեսիոնալ, Սահակյանը պատասխանեց. «Երբ պատգամավոր են, զբաղվում են քաղաքականությամբ: Բայց քաղաքական գործիչ դառնալը մի բարդ ճանապարհ է. չեմ կարող ասել, որ ցավոտ ճանապարհ չէ, բայց տեսնում ես, որ քո հպարտություններն են»,- արձագանքեց Սահակյանը: