Արթուր Բաղդասարյանի «մեղքով» կալանավորվածին կտեղափոխե՞ն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանի գործում որևէ տեղաշարժ դեռ չկա: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ս. Գաբրիելյանի փաստաբանը` Հակոբ Ճարոյանը: Վերջինիս խոսքով դատախազին, ապա նաև` դատարանին ուղղված նրա միջնորդությունները` կապված իր պաշտպանյալին բուժօգնություն անցնելու թույլտվություն տալու հետ, մերժվել են:

Հակոբ Ճարոյանի փոխանցմաբ` իրենք սպասում են` երբ Սուրեն Գաբրիելյանին Վրաստանից կտեղափոխեն Հայաստան:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 59-ամյա Սուրեն Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթերի կեղծում), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով), 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերով (ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում` խոշոր չափերով):

Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնել էին, որ փախուստի դիմելու առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փախուստը կալանավայրից պատժվում է ազատազրկմամբ` 3 տարի ժամկետով): Միջոցներ են ձեռնարկվում կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս գործում առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ 2013թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա սեպտեմբերի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ իրավաբան Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների՝ փաստաթղթերի կեղծում, ակնհայտ կեղծ գործարք, խոշոր գումարների լվացում, խարդախության հատկանիշներով:

2013թ. սեպտեմբերի 30-ից Սուրեն Գաբրիելյանը կալանավորվել է:

Այդուհանդերձ, կալանավորը չի ընդունել իրեն մեղսագրվածը. այս գործով չի հարցաքննվել Արթուր Բաղդասարյանը, նրա կողմից ստորագրված փաստաթուղթը չի ուղարկվել ձեռագրաբանական փորձաքննության:




Լրահոս