ԻՍԿ Ո՞Վ Է ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, նախագահի աչքի առջեւ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սեփական հարստությունն է դիզում՝ այսպես հաստատելով հայտնի ասացվածքը. «Մեղր ծախողն իր մատն էլ պիտի լիզի»:
Բայց Հովսեփյանը ոչ միայն մատն է լիզում, այլեւ ձեռքը մտցրած մեզ համար տակավին անհայտ մի տակառի մեջ՝ հարստանում ու հարստանում է՝ արհամարհելով այն բոլոր հրապարակումները, որոնք նվիրվել են հատկապես նրա եւ հարազատների անուններով բնակարաններ գնելուն: Մայրաքաղաքի Արամի 72-80 հասցեների նորակառույցների «ոդիսականին» մամուլը բազմիցս է անդրադարձել: Իսկ մինչ այդ անդրադառնանք նրա բարեկամներին, քանի որ նրանք «բնակարանային էպոպեայի» հիմնական գործող անձերն են, երբեմն էլ՝ պարզապես անուններ, որոնց թիկունքում թաքնվում է «բնակարանային նորելուկ մագնատ» Հ. Հովսեփյանը: Նրա բարեկամներից Գոռ Հակոբյանն ու Վահագն  Ատոմյանն այս շենքերում ունեն 1-ական բնակարան ու ավտոտնակ, Ռոբերտ Մանուկյանը՝ 2-ական բնակարան ու ավտոտնակ, Պողոս Մկրտչյանն ու Ջուլիետա Ջոկլինյանը՝ 3-ական բնակարան ու ավտոտնակ: Ոմանք ասում են, թե այս անունները պայմանական են, որովհետեւ Հովսեփյանի բարեկամներն ընդամենը ձեւական են բնակարանատերեր, նրանց անուններով ձեւակերպվել է սեփականություն, որը հետագայում կարող է «անվանափոխվել»՝ նայած թե որը երբ կվաճառվի…
Փոքր-ինչ հեռավոր բարեկամներից հետո «գալիս» են արյունակիցները: Հովսեփյանի քույրը՝ Ջեննի Հովսեփյանը, ունի 3 բնակարան եւ նույնքան ավտոտնակ: Վերջինիս ամուսնու՝  Մհեր Բիշարյանի անունով գրանցված են 2-ական բնակարան եւ ավտոտնակ, Հովսեփյանի քրոջ սկեսուրը՝  Կուկլա Համբարձումյանը, ունի 2-ական բնակարան ու ավտոտնակ: Հովսեփյանի կնոջ՝  Էվելինա Միրզաբեկյանի անունով գրանցված են 3-ական բնակարան ու ավտոտնակ, իսկ Հովսեփյանի քենի Գայանե Միրզաբեկյանն ունի 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Անձամբ Հովհաննես Հովսեփյանն իր անունով ունի 2 բնակարան, 3 ավտոտնակ եւ 1 բիզնես տարածք: Տեսնում եք, թե ինչքան բարեկամասեր է Հ. Հովսեփյանը, որ զոքանչի, քենու, քենակալի անուններով բնակարաններ է ձեռք բերել ու «նվիրել» նրանց: Ուրեմն նա նաեւ մեր հանրապետության ոչ միայն ամենահարուստ, այլեւ ամենազոքանչասեր մարդկանցից մեկն է:
Զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Հովսեփյանը, թվում էր, այլ եկամուտներ չպետք է ունենար, բացի իր աշխատավարձից, սակայն երբ ծանոթացանք միայն 2011թ. նրա ֆինանսական մուտքերին, հազիվ կարողացանք մեր զարմանքը զսպել, քանի որ 3 մլն 444 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը միայն նշված տարում 110 մլն դրամով ձեռք է բերել շենք-շինություն եւ հողամաս: 30 մլն դրամով գնել է «Ռենջ Ռովեր» ջիփ եւ օտարել է նույն մակնիշի ավտոմեքենա՝ 16 մլն 500 հազար դրամով: Իհարկե, պարոն Հովսեփյանն էլ իր հերթին կարող է զայրացած ասել, որ 2011-ին ունեցել է 29 մլն 664 հազար դրամի եկամուտ, որից, ինչպես արդեն նշեցինք, 3 մլն 444 հազարը աշխատավարձն ու դրան հավասարեցված այլ վճարումներն են, 9 մլն 720 հազար դրամը՝ վարձակալությունից ստացած վճարն է, իսկ 16 մլն 500 հազար դրամը գույքի օտարումից ստացած եկամուտն է: Առավել հետաքրքիրն այն է, որ նախագահի վերահսկողական ծառայության պետը նվիրատվություն է ստացել արտարժույթով՝ 600 հազար դոլար, եւ բանկում ունեցած ավանդից որպես տոկոսագումար ստացել է 100 հազար դոլար: Հավանաբար մի քանի միլիոն դոլար ունի բանկում ավանդադրած, որ նման տոկոսագումար է ստանում: Ոչ ոք, իհարկե, չի հետաքրքրվում, թե որտեղից Հ. Հովսեփյանին այդ գումարները, երբ է հասցրել վաստակել այդ ամենը…
Փորձենք հայացք նետել նաեւ գլխավոր վերահսկողի դրամային եկամուտներին: Նա 2011թ. սկզբին ունեցել է ընդամենը 2 մլն 400 հազար դրամ, սակայն տարեվերջին գումարի չափը հասել է 117 մլն դրամի: Նույն շահութաբեր աճը առկա է նաեւ դոլարային արտարժույթով ունեցած գումարի դեպքում. տարվա սկզբում ունեցել է 1 մլն 270 հազար, իսկ տարեվերջին` 2 մլն 270 դոլար:
Սերժ Սարգսյանը սովորություն է դարձրել օրինականության եւ հավասարության մասին խոսելը: Հիշո՞ւմ եք նրա խոսքերը՝ ՀՀԿ համագումարում. «Մենք ասում էինք` «Քեզ համար, Հայաստա՛ն»: Հիմա արդեն հասել ենք այն հանգրվանին, երբ վստահորեն ասում ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար: Մեզանում ձեւավորվել է հոռետեսության եւ հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձեւերն են, որ հնչում են հաճախ եւ մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ո՛չ եղել է, ո՛չ կլինի… ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու եւ, ընդհանրապես, «էս երկիրը երկիր չի»»:
ՀՀԿ առաջնորդի սրտով չէ, երբ մարդիկ խոսում են օրենքների բացակայության մասին: Բա այսքանից հետո՞ չասենք՝ բա որ էս երկիրը երկիր լիներ, պետական պաշտոնյան բոլորի աչքի առջեւ նման հարստություններ կդիզե՞ր… Բա որ էս երկիրը երկիր լիներ, Ձեր իսկ ստեղծած էթիկայի հանձնաժողովը Հ. Հովսեփյանին գոնե մի անգամ չէ՞ր հարցնի` ա՛յ ախպեր, էդ ո՞նց ես հաջողացրել էդքան փող դիզել, երկու ահռելի շենքում այդքան թվով բնակարանների տեր դառնալ…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս