ԾԵՐԱՑՈՂ ԵՐԿԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հասարակությունը գնալով ծերանում է, այն էլ ահագնացող տեմպերով: Ու սա ոչ թե ընդդիմադիր գործիչների, այլ միջազգային կառույցների տեսակետն է: Նման ենթադրության հիմք են ծառայել նաեւ պաշտոնական տվյալները. ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 63 եւ ավելի բարձր տարիքի անձանց թիվը 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 376.000 կամ Հայաստանի բնակչության 11 տոկոսը: Նրանցից 85 եւ ավելի տարիք ունեցողների թիվը մոտ 11.000 է: Հանրապետության տարեց բնակչության 17.5 տոկոսն ունի հաշմանդամության կարգավիճակ:
«Մեր հանրապետությունում բնակչության ծերացման միտումը հիմնականում պայմանավորված է ակտիվ, աշխատունակ տարիքի բնակչության արտագաղթով: Այս հանգամանքն առաջին հերթին թուլացնում է պետության հզորությունը: Ամենահզորը մարդու ներուժն է, մարդկային ռեսուրսը: Հայաստանը զրկվում է այդ կարեւոր ներուժից»,-ասում է ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության եւ ռազմավարության իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի նախագիծ: Այնտեղ շեշտված է, որ ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի՝ Հայաստանը դասվում է ծերացող երկրների շարքին: Համապատասխան փաստաթղթում նշված է հետեւյալը. «Եթե մինչ կենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա Հայաստանի բնակչության ծերացման երեւույթն ահագնացող թափ կհավաքի, եւ երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջեւ»:
Նշենք, որ մինչեւ այժմ մեր երկիրը չունի նաեւ ծերացման հիմնահարցերի եւ տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները սահմանող որեւէ փաստաթուղթ: Տարեցներին տրվող միակ պետական աջակցությունը կենսաթոշակի տեսքով է, իսկ դա բավարար չէ նվազագույն կենսական պահանջները բավարարելու համար: «Այո՛, պետության կողմից տրամադրվող հիմնական միջոցը կենսաթոշակն է, որը պետք է ծեր մարդկանց ինչ-որ չափով ապահովի՝ առօրյա խնդիրները լուծելու համար»,-նշեց ՇՄ ՍԱ վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը:
Իսկ միայնակ ծերերի խնամքով զբաղվում են տուն-ինտերնատները, որոնք աշխատում են գերծանրաբեռնված եւ սուղ միջոցներով: Գյումրու տուն-ինտերնատի փոխտնօրեն Արմեն Սարուխանյանը փոխանցեց, որ պետական պլանային տեղերը ինտերնատում ընդամենը 160-ն են. «Բոլոր տեղերը զբաղեցված են, եւ հիմա խնդիր կա, որովհետեւ դիմողները շատ են: Նշեմ նաեւ, որ յուրաքանչյուր խնամվողի համար օրական նախատեսված է 1335 դրամ»:
Սոցիալական աջակցության ձեւերի եւ կենսաթոշակի բարձրացման անհրաժեշտության մասին են խոսում ոչ միայն թոշակառուները: Լուրջ ուսումնասիրություններ պետք չեն՝ հասկանալու համար, որ բավականին մեծ թվով ծերեր ունեցող երկրում վերջիններս ապրում են դժվար կենցաղային պայմաններում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս