Այսօր Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թ. գործունեության մասին զեկույցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հայտարարեց, թե այս տարիների ընթացքում հաջողվել է բազմակարծություն ապահովել, և բոլորի նպատակն է ունենալ առողջ, ազգային դաստիարակությամբ, բարոյական սերունդ: Շարմազանովը նշեց, որ հայրենասիրություն չկա ՝ առանց ճանաչողության, և պետք է ավելացնել ճանաչողական հաղորդումները:
«Կա հաղորդումների շարք, որ առավոտից իրիկուն ճաշ են սարքում, հրավիրում են՝ ինչ են սիրում ուտել: Ամեն ինչը չափ ունի, լավ, հո որկրամոլ չե՞նք: Ալիքները փոխում ես, մի քանի հատ նման հաղորդում ունեն: Մեր նպատակը ո՞րն ա՝ ով ինչ լավ բորշչ ա սարքո՞ւմ, թե ձվածե՞ղ ա սարքում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահը կարծում է՝ նոր սերնդին պետք է դաստիարակել, պետք է մեր հերոսներին ներկայացնել:
Շարմազանովը նշեց, որ քրիստոնեական սերունդ դաստիարակելու մասին ենք խոսում, բայց կապ չկա եկեղեցու հետ, Արցախի ազատագրական պատերազմի մասին ընդամենը մի ֆիլմ կա, երաժշտության 90 %-ը` կլկլոց, 10%-ի մեջ ենք տեղավորում ճաշակ: «Երեխային պետք է մանկապարտեզից դաստիարակել»,- ասաց նա: