ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾ ՊԻՏԻ ԱՆԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ռեփեր ՀՏ Հայկոն եւ իր «ՀՏ փրոդաքշն»-ը կազմակերպել էին բացօթյա բասկետբոլի առաջնություն: «Այս առաջնությունը մենք դարձրել ենք ամենամյա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց ռեփերը: Նախաձեռնությունը սկսվել է երկու տարի առաջ:
-Երկու տարի առաջ մենք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ կազմակերպեցինք բացօթյա բասկետբոլի առաջնություն, անցած տարի էլ պետք է լիներ, սակայն քաղաքապետարանը մեզ տարածք չտրամադրեց: Այս տարի «ՀՏ փրոդաքշն»-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ քաղաքապետարանի թույլտվությամբ անցկացրեց սթրիթբոլի առաջնությունը Հյուսիսային պողոտայում:
-Ինչո՞վ է տարբերվում սթրիթբոլը սովորական բասկետբոլից:
-Դա մի քիչ տարբերվում է սովորական բասկետբոլի կանոններից, 5 հոգուց քիչ մարդ է մասնակցում՝ ընդամենը 3-ը:
-Բայց Հայաստանում խաղո՞ւմ են սթրիթբոլ:
-Ես երկար տարիներ զբաղվում եմ բասկետբոլով, ինքս էլ շատ սիրում եմ այդ սպորտաձեւը, ուզում եմ ամեն ձեւ աջակցել, որ երիտասարդներն էլ ավելի հետաքրքրվեն: 80 թիմի հայտ ենք ունեցել, ընտրել ենք մի քանիսին: Տարբեր տարիքային կատեգորիաներ կային, անկախ սերնդից՝ մասնակցում էին:
-Ասացիք երիտասարդներին աջակցել, լսել եմ՝ «ՀՏ փրոդաքշնը» օգնում է երիտասարդ ռեփերներին:
-Ոչ միայն, նաեւ բազմածավալ աշխատանքներ ենք անում, միջոցառումներ կազմակերպում, բայց ամեն ինչ կապված է երիտասարդների հետ, ովքեր ուզում են հիփ-հոփ ու ար էնդ բի երգել: Իմ պրոդյուսերական կենտրոնը նաեւ տեսահոլովակների նկարահանմամբ է զբաղվում: Ես այնտեղ հիմնադիր ու գլխավոր պրոդյուսեր-տնօրեն եմ: Փրոդաքշնը արդեն հիմնական աշխատում է մի քանի ռեփերների վրա: Լինում է նաեւ, որ անհատական ինչ-որ մի երգի պրոդյուսինգ ենք անում:
-Ո՞ւմ միջոցներով են ձայնագրվում ու նկարահանվում տեսահոլովակները:
-Դա կախված է պայմանավորվածությունից: Հետո էլ դա գաղտնիք է, ես հիմա չեմ կարող Ձեզ մանրամասներն ասել:
-Իսկ երիտասարդ ռեփերների հովանավորությամբ զբաղվո՞ւմ եք:
-Ո՛չ, չեմ կարող, քանի որ մեծ գումարներ են պահանջվում: Պրոդյուսերները տարբեր են լինում` մեկը երաժշտական, մյուսը միայն տեսահոլովակն է անում: Ես փորձում եմ օգնել նրանց խորհուրդներով, որ նրանց նկարած տեսահոլովակը ճիշտ ուղու վրա դնենք:
-Փրոդաքշնը համարո՞ւմ եք փոքր բիզնես, որը նաեւ եկամուտ է ապահովում:
-Իհարկե, եկամուտ ապահովում է: Չես կարող աշխատել միայն քո սեփական կարիերայի համար, Հայաստանում միայն շոու բիզնեսը չի, շատ այլ ոլորտներ կան, որ լուսաբանման ու ներկայացման կարիք ունեն:
-Միայն ռեփով զբաղվելով՝ հնարավո՞ր է գումար վաստակել:
-Դե դա եմ ասում, պետք է մի քանի բանով զբաղվես, որ կարողանաս երեւելի գումար վաստակել: Հայաստանն այն շուկան չի, որտեղ միայն երգելով կկարողանաս գումար վաստակել: Բայց ինչ էլ որ անում եմ, աշխատում եմ հնարավորինս չշեղվել իմ պրոֆիլից: Չեմ ուզում ձեռքի հետ ինչ-որ օֆիսում աշխատել: Ես նախընտրում եմ զբաղվել նրանով, ինչով  ինքնաբավարարվում եմ, սնվում ու մեջը գաղափար տեսնում:
-Ռաբիս երգիչներն իրենց գումարը վաստակում են ռեստորաններում, իսկ ինչպե՞ս են վաստակում ռեփերները:
-Ակումբներում, ինչ-որ միջոցառումների, փարթիների ժամանակ: Բայդ դա այն գումարը չի, ինչքան վաստակում են ռաբիս երգիչները: Երբ մարդիկ նշանվում կամ պսակվում են, դժվար թե ռեփերի հրավիրեն:
-Դուք առաջարկ ունեցե՞լ եք հարսանիքի մասնակցելու:
-Եղել են, շատ են եղել, բայց ես չեմ մասնակցում, ինձ թվում է՝ ռեստորանային ֆորմատի մեջ ռեփը չի տեղավորվում: Բայց չեմ բացառում, եթե լինեն շատ լավ առաջարկներ, կհամաձայնեմ: Օրինակ՝ ծնունդի մասնակցել եմ: Մոսկվայից առաջարկ էի ստացել, ծնունդն էլ ակումբային տարբերակով էր, մասնակցեցի, հետ եկա:
-Ամսվա մեջ քանի՞ անգամ եք ակումբներում ելույթ ունենում:
-Տարբեր, ոչ մի հստակ բան չկա, լինում է՝ ամիսը մեկ անգամ, լինում է՝ շաբաթը մեկ: Ոչ մի ստաբիլ բան չկա այս երկրում:
-Ստացվեց, որ Ձեր աշխատավարձն էլ ստաբիլ թիվ չի կազմում:
-Դրա համար էլ ասում եմ, որ մի գործով զբաղվելը ձեռնտու չի: Բայց այն բոլոր գործերը, ինչով ես զբաղվում եմ, էլի կապ ունեն երաժշտության հետ:
-Իսկ միգուցե ռեփն այդքան էլ զարգացած չէ Հայաստանում, դրա համար շատ գումար չեն տալիս:
-Նախորդ տարիների համեմատ լավ էլ զարգացման մեջ է, աճ նկատվում է: Բայց դեռ այն պիկին չի հասել, ինչը ես պատկերացնում եմ, սակայն դա կլինի մոտ ապագայում: Զգում եմ, որ լսարանն էլ է ավելի մեծացել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս