
Մոնակոն վերջերս դարձել է հայ պաշտոնյաների ամենասիրած էլիտար հանգստավայրը: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ այս ամառ Մոնակոյում են հանգստացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա խնամին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն ու Աբրահամյանը Մոնակոյում հանգստանալիս պարբերաբար հանդիպումներ են ունեցել: Առայժմ միայն Հ. Աբրահամյանն է վերադարձել հանգստից, երեկ էլ անձամբ այցելել էր “Հաղթանակ” զբոսայգու դիմաց ԱԺ շենքի նմանությամբ կառուցվող իր առանձնատուն՝ շինարարության ընթացքին հետեւելու:
Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանն ընտանիքի հետ հանգստանում է արտերկրում, բայց թե որտեղ՝ չմանրամասնեց: Տոնոյանը հերքեց միայն Մոնակոյում լինելու եւ այնտեղ Հ. Աբրահամյանի հետ հանդիպելու լուրը: Ինչեւէ, Ծառուկյանն այսօր կվերադառնա: