Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Բազե 2012” համահայկական երիտասարդական հավաքի հաղթող Նարնջագույն ճակատի “Երևան” ջոկատին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով հաղթողներին՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության և հաղթանակի ակնկալիքներն արդարացնելու համար: “Երևան” ջոկատի անդամներին քաղաքապետը հրավիրել է ներգրավվելու և մասնակցելու Երևանի երիտասարդական խորհրդի գործունեությանը:
“Իմ խորին համոզմամբ՝ երիտասարդությունը պետք է լայնորեն ներգրավված լինի նաև քաղաքային նշանակության ծրագրերի քննարկման ու դրանց իրականացման գործում: Կարող եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կաջակցի բոլոր այն առողջ նախաձեռնություններին, որոնցով հանդես կգաք դուք և ձեր ընկերները”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
“Բազե 2012”-ի “Երևան” ջոկատի ղեկավար Գոշ Սարգսյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար, նշել է, որ երիտասարդներն իսկապես պատրաստակամ են մասնակցելու համաքաղաքային ծրագրերի իրականացմանն ու վստահեցրել է, որ առաջիկայում կփորձեն գործով ապացուցել այդ պատրաստակամությունը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Բազե 2012” համահայկական երիտասարդական հավաքի ինտելեկտուալ, մարզական ու մշակութային բոլոր մրցույթներում ներճակատային, ապա և բացարձակ առաջատար դարձած “Երևան” ջոկատի անդամներին պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ 10-րդ հոբելյանական հավաքում գերազանց արդյունք ցուցաբերելու համար: