Գյումրեցի պատգամավորն առաջարկել է Պերմյակովի գործով ՌԴ-ից իրավաբաններ հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների պահանջին, նշեց, որ այն միանգամայն արդարացի է: Հիշեցնենք, որ Ավետիսյանների հարազատները պահանջել էին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այցելի Գյումրի եւ անձամբ ներկայացնի, թե Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցում ինչ նորություն կա:

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած միջնորդությունը փետրվարի 9-ին մուտք է արվել ՌԴ դատախազություն: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում հրահանգված է այս տեղեկությունը, ինչպես նաեւ՝ միջնորդության բովանդակությունը, չբացահայտել:

«Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանին:

-Պարո՛ն Սահակյան, Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ ՀՀ գլխավոր դատախազն իրենց կոնկրետ պատասխան տա՝ արդյո՞ք հանցագործը հանձնվելու է ՀՀ արդարադատությանը: Կարելի է ասել՝ այս օրերին Գյումրիում կրքերը  դարձյալ թեժանում են, Դուք զրուցել եք Ավետիսյանների հարազատների հետ, ի՞նչ եք պատրաստվում անել՝ նրանց օգնելու համար:

-Բովանդակային հարցին չեմ կարող պատասխանել, թե ինչ են պահանջում եւ այլն, բայց իրենք ընտրել են իրավահաջորդներ, ու ես նրանցից մեկի հետ հանդիպել ու առաջարկել եմ մասնակցություն ունենալ ցանկացած տեսակի գործընթացի, նաեւ արտասահմանից իրավաբանի կարող են հրավիրել, քանի որ իրենք 5 իրավապաշտպանի իրավունք ունեն: Ում հետ իրենք հիմա աշխատում են, իրենց խորհուրդներն են լսում, ես որեւէ վատ բան այդտեղ չեմ տեսնում, բայց ամեն ինչ անում են իրավահաջորդի ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազն արդեն դիմել է ՌԴ իր գործընկերոջը, որպեսզի գործը տեղափոխվի ՀՀ դատական դաշտ: Ճիշտ հասկացեք՝ կողքից մարդիկ չեն կարող ինչ-որ դերակատարություն ունենալ, քանի որ իրավահաջորդներն իրենք են, իսկ իրավահաջորդներն էլ ունեն շահերի պաշտպաններ, ու գործն էլ առաջ են տանում այդ մարդիկ:

-Ավետիսյանների հարազատները վրդովված են այն հանգամանքից, որ կատարվածից շուրջ մեկ ու կես ամիս է անցել, բայց որեւէ կոնկրետ գործընթաց չի իրականացվում: Չեք կարծում, որ դա կարող է հանգեցնել լարվածության նոր աճի եւ հունվարի 15-ի իրադարձությունների կրկնության:

-Հուսով եմ՝ չէ, ես ինքս էլ խորհուրդ եմ տվել շատ հստակ ու շատ պրոֆեսիոնալ վերաբերվել հարցին, կարծում եմ՝ դա գործին օգուտ չի տալու: Իհարկե, ինձ համար էլ գործում կան լիքը անհասկանալի բաներ, ակնհայտ է, որ գործի վերաբերյալ տեղեկատվության դեֆիցիտ կա, իսկ եթե այդ ինֆորմացիան չկա, ես այդ առումով այդ հուզմունքը լրիվ հասկանում եմ, բայց կարծում եմ՝ այդ դեպքում եւս պետք է աշխատել իրավական գործիքներով: Ես հանդիպել եմ իրենց հետ ու ներկայացրել եմ իմ անձնական տեսակետը, նշել եմ, որ ես կարող եմ հոգալ այդ ծախսերը, ու գործով ունենանք 5 իրավապաշտպան, որի իրավունքն իրենք ունեն, առաջարկել եմ` բերենք ՌԴ-ից ամենահայտնի իրավաբաններից մեկին, վճարենք իրենց, ու հարազատները ում կընտրեն, իրենք էլ այդ գործով զբաղվեն: Եթե ՌԴ-ն է նշում, թե իր օրենքներն այսպիսին են, թող այդ օրենքի մասնագետները գան, ու մենք խոսենք ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Ես ինքս իրավաբան չեմ, ես դա ասում եմ տրամաբանորեն: Մինչեւ հիմա ես սպասում եմ իրենց պատասխանին: Հասկանում եք՝ իրենք են որոշում կայացնողները: Ցավոք, սրտի գործով ինֆորմացիայի սղություն կա:

-Հանրության մոտ մտավախություն կա, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործի հետ կապված ինչ-որ բան է թաքցնում: Դուք իր հետ զրուցել ե՞ք, պարզել ե՞ք, թե ինչ է անում գործի բացահայտման ուղղությամբ:

-Չեմ կարծում, որ նման բան կա: Այսպես պետք է ասեմ՝ ինքը նամակ է ուղարկել, սպասում է պատասխանին, այսինքն՝ դա մի օրվա նամակագրություն չի: Տեղյակ եմ, խոսել եմ, գիտեմ, որ իրենք էլ են սպասում պատասխանին: Ուղղակի, էլի եմ կրկնում, տեղեկության դիֆիցիտ է, ինչը պատճառ է դառնում տարաբնույթ տեղեկատվության տարածման: Գյումրի եկած ՌԴ պատգամավորների հետ բավականին երկար զրույց ենք ունեցել, ու այժմ պետք է ստեղծվի պատգամավորական խումբ, որը կհետեւի գործին: Երեւի մոտ օրերս կհրապարակվեն խմբի անդամների անունները, ու ես կարող եմ ասել, որ այդ ժամանակ որոշակի լծակներ կունենանք՝ ինֆորմացիա ստանալու համար:

Հ.Գ. 168.am-ի գրավոր հարցմանը՝ արդյոք Գևորգ Կոստանյանը պատրաստվո՞ւմ է գնալ Գյումրի, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից պատասխանել են. «ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 26-ի աշխատանքային օրակարգում այցելություն Գյումրի չի նախատեսվում»:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս