ՆՈՒՅՆԻՍԿ ԱՍՏԾՈՒՑ ԷԼ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) “Ժողովուրդ”-ի հետ զրույցում  ասաց, որ ինքն այժմ որոշել է բիզնեսով զբաղվել, այդ իսկ պատճառով էլ Էջմիածի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունը չի առաջադրել, թեեւ նախապես հայտարարել էր առաջադրման մասին:
-Ես ունեմ անձնական բիզնեսներ, կարեւոր պրոյեկտներ, ցանկանում եմ այդ պրոյեկտները վերջացնեմ: Չեմ կարող համատեղել:
-Հնարավո՞ր է՝ Ձեզ Ձեր հարազատ կուսակցությունն է արգելել թեկնածություն առաջադրել, նրանից ,դաբրոե չե՞ք ստացել ընտրություններին մասնակցելու համար: Ձեզ վախեցրե՞լ են:
-Ես նմա՞ն եմ մի մարդու, որը վախենում է որեւէ մեկից, ես ոչ մեկից չեմ վախենում, մի քանի անգամ ասել եմ, որ ես Աստծուց էլ չեմ վախենում: Պարզապես ես ինքս չեմ ցանկացել, ուղղակի ես ունեմ անձնական պրոյեկտներ, որոնք փորձում եմ առաջ տանել: Մի բան էլ ասեմ, որ ես ոչ մի ընտրությունների ժամանակ “դաբրոյով” չեմ գնում՝ սկսած 1999 թվականից, երբ որ այն ժամանակ Վազգեն Սարգսյանն իմ հակառակորդ թեկնածուն էր: Ես “դաբրոյով” չեմ գնում, ես ինքս առաջադրվել եմ, ինքս եթե անցել եմ, անցել եմ, եթե չեմ անցել, ուրեմն չեմ անցել: 
-ԱԺ ընտրությունների ժամանակ Դուք պարտվեցիք Սեյրան Սարոյանին, գուցե մտավախությո՞ւն ունեիք, որ այս անգամ էլ գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն եք պարտվելու: 
-Ցանկացած մարդ, երբ ընտրությունների է գնում, բնականաբար, հաշվում ա իր հնարավորությունները, իսկ երբ որ ես մայիսին գնում էի ընտրությունների, ոչ մի հանդիպում չեմ ունեցել, սակայն Էջմիածին քաղաքում հավաքել եմ 25 տոկոս ձայն, եւ եթե ես ցանկանայի առաջադրվել, ես արդեն ունեի իմ 25 տոկոս համախոհները, որոնց հետ ես չէի հանդիպել ու իմ ծրագիրը չէի ներկայացրել: Պարզապես չեմ ցանկացել մասնակցել ընտրություններին: Մի բան էլ ասեմ, ես իմ բնավորությամբ ուրիշ եմ, ես չեմ կարա, ասենք, քաղաքապետ ընտրվելու ժամանակ մարզպետը կանչի, էս մեկը կանչի, էն մեկը կանչի, հրամաններ տան: Ես նման ենթարկվող մարդկանցից չեմ, եւ դա իմ համար հաճելի չի: Իսկ որպես բիզնեսով զբաղվող մարդ՝ դու քո գլխի տերն ես:
-Այսինքն՝ քաղաքապետ ընտրվելուց հետո պետք է պարտադիր մարզպետի հրահա՞նգը կատարեիք:
-Իհարկե, մեր երկրում մարզպետերին համայնքապետերը ,շեֆե են ասում, ես մի անգամ էլ եմ ասել, որ մինչեւ հիմա համայնքապետերը չգիտեն, որ իրենց ,շեֆըե ավագանու անդամներն են եւ իրենց ժողովուրդը:
-Ճի՞շտ է, որ ասել եք, թե արդեն ԱԺ ընտրություններին պարտվել եք եւ երկրորդ անգամ չեք ուզում հիասթափվել:
-Եթե Դուք լրագրողական հետաքննություն իրականացնեիք, կտեսնեիք, որ արժանապատիվ պարտությունն ավելի մեծ է, քան կեղծիքներով ընտրված մարդը: Կտեսնեիք, թե այսօրվա ընտրված մարդիկ ինչ ճանապարհով եւ ինչ եղանակով են ընտրվել:  Իսկ ես կարող եմ պարզ ճակատով ասել, որ ես գումար չեմ բաժանել, ես ոչ մեկին չեմ վախացրել:
-Ձեր ընտրատարածքից ընտրված պատգամավորն ա՞յդ միջոցներով է մանդատ ստացել:
-Խորհուրդ կտամ հետաքննություն անցկացնեք եւ տեսնեք, թե ով ինչ միջոցներով է ընտրվել, կոռեկտ չի լինի, որ ես դրա մասին խոսեմ, կարող ա Դուք մտածեք՝ ես նախանձից եմ խոսում կամ պարտվել եմ, դրա համար եմ այդպես խոսում:
-Ձեր դիրքորոշումն այդպես էլ անհասկանալի մնաց. ի վերջո, ընդդիմադի՞ր եք, թե՞ իշխանություն:
-Ես ՀՀԿ եմ, մինչեւ հիմա ես ընդամենը մեկ կուսակցություն եմ ունեցել: Կուսակցությունում ինչ դրական գործ կատարվում ա, ես դրական եմ գնահատում, իսկ ցանկացած բացասական երեւույթ բացասական եմ գնահատում, կապ չունի՝  ՀՀԿ-ն ա, թե ընդդիմությունը, ինձ համար տարբերություն չկա: Իմ համար կարեւորը ժողովրդի զարգացման եւ երկրի բարեկեցությունն է, որը, ցավոք սրտի, ես այսօր չեմ տեսնում:
-Իսկ այդ ամենի մասին Դուք ասե՞լ եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:
-ՀՀԿ առաջնորդին ես անձամբ չեմ տեսնում, բայց տարբեր լրատվամիջոցների միջոցով տարբեր ժամանակներում ես իմ անհամաձայնությունն արտահայտում եմ:
-Ինչո՞ւ անձամբ չեք հանդիպում նրա հետ ու այդ ամենի վերաբերյալ նրան տեղյակ պահում: 
-Ես խոսում եմ, մամուլը բաց է, եթե հետաքրքրություն առաջացնի իմ որեւէ կարծիքը, ընդդիմադիր կամ դիմադիր լինելը, նրանք ինձ կհրավիրեն, ու ես կգնամ, կասեմ այն ամենը, ինչ կա: Եթե չեն հրավիրում, ուրեմն դրա կարիքը չկա: Եթե գտնեն, որ իմ ասածները որեւէ օգուտ կբերեն կուսակցությանը, իրենք կկանչեն ու կասեն՝ ավելի բաց տեքստով ներկայացրե՛ք, տեսնենք՝ ինչ ա մեր երկրում սխալն ու ճիշտը: Չեմ կարող ասել՝ իմ կարծիքը 100-տոկոսանոց ա, թե ոչ: Եթե որեւէ անգամ կուսակցությունն ինձ նկատողություն չի տվել, ուրեմն կուսակցությունը համաձայն է իմ ցանկացած մտքի հետ: Եթե ես սխալ բաներ ասեի, կուսակցությունն ինձ կհրավիրեր ու կասեր, ասենք, ինչի՞ ես սուտ բաներ ասում, իսկ եթե ես բան եմ ասում, ու ոչինչ չի ձեռնարկվում, ուրեմն էդ իմ ասածներն օրինականության ու չափի մեջ են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս