
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները դեպքից 1 ամիս անց Շիրակի մարզի դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ժամանակ պահանջել էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Հանդիպման օրը Ավետիսյանների հարազատները նշանակել էին այսօր` փետրվարի 26-ին:
Հանդիպումը, սակայն, չի կայացել, քանի որ, ինչպես Armlur.am-ին պարզաբանեցին Դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունից, նշված հարցով գրավոր որևէ դիմում չի ստացվել: Մեզ հայտնեցին նաև, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի փետրվարի 26-ի աշխատանքային օրակարգում այցելություն Գյումրի չի նախատեսվել:
Նշենք, որ Ավետիսյանների հարազատների կողմից հանդիպում նշանակելու օրը Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը հորդորել էր նրանց Գևորգ Կոստանյանին նշված հարցով դիմել գրավոր ձևով, ինչը, փաստորեն, չի իրականացվել:
Armlur.am-ի հետ զրույցում Ավետիսյանների փեսան` Եգոր Ադամյանը, նշեց, որ իրենց համար սպասելի էր գլխավոր դատախազի` հանդիպման չգալու քայլը: Այդուհանդերձ, արդեն ծրագրում են իրենց հետագա քայլերը: Թե որոնք են այդ քայլերը, մեր զրուցակիցը չմանրամասնեց: «Շուտով մեր անելիքների մասին կհայտարարենք»,- կարճ պատասխանեց Ե. Ադամյանը: