Ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Հանրապետականների նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքներին, մարտի 15- ին սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես նաև Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա չցանկացավ խոսել ԲՀԿ-ում առկա իրավիճակի և քաղաքական վերադասավորումների մասին` նշելով, որ ամեն ինչ պարզ կլինի միայն ԲՀԿ 8-րդ համագումարից հետո:
Շարմազանովը վստահեցրեց, որ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի մասին ավելի վաղ իր ասված բոլոր խոսքերի տակ ինքը ստորագրում է և նշեց, որ հիմա էլ շարունակում է հայտարարել, թե զորբայությամբ և բիլակներով հարց լուծելու երևույթները քաղաքականությունում տեղ չունեն:
«Որքանով է կոռեկտ իրենց համագումարը չեղած` բաներ ասել: Պետք է հասկանալ, թե ինչպիսի որոշում կընդունեն և ինչպիսի «մեսսիջ» կուղարկեն», – նշեց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀՀԿ գործիչները կարծես սրբագրում են իրենց ավելի վաղ ասված խոսքերը և այժմ խուսափում են խոսել Գ. Ծառուկյանի մասին, նա վստահեցրեց, թե ոչ մեկ իր ասածը չի սրբագրում:
Այն հարցին, թե իրենց կուսակցություններ դիմել են` կոալիցիա կազմելու համար, Շարմազանովը վստահեցրեց, թե այս պահին իրենց օրակարգում կոալիցիա կազմելու հարց ընդգրկված չէ: