Ինչու չեն վճարում հողի և մյուս հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015թ. առաջին նիստը, որի ընթացքում մարզպետ Հովիկ Աբովյանը հանդես եկավ 2014թ. կատարված աշխատանքների եւ մարզի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի մասին հաշվետվությամբ: Նիստին նրկա էր նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսների եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը 2014թ. մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ տվյալներ ներկայացրեց: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի մարզի համայնքների տարեկան եկամուտների փաստացի մուտքը կազմել է 746, 9 միլիոն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 102.9 տոկոսով: 2014թ. մարզի համայնքների սեփական եկամուտները, 2013թ.-ի համեմատ, ավել են հավաքագրվել 142.6 միլիոն դրամով: Ռ. Ներսիսյանը որպես հողի հարկի ամենացածր կատարողական ունեցող համայնք նշեց Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղը՝ 29.3 տոկոս ցուցանիշով:

Նիստի ընթացքում հարց ուղղեց Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանը: Նա նշեց, որ Խաշթառակ եւ դրան հարակից Լուսահովիտ գյուղերը սնուցող խմելու ջրի խողովակաշարն ավելի քան 50 տարվա վաղեմություն ունի, այն մաշված է, վերանորոգումը հնարավոր չէ: Հ. Քամալյանն ասաց, որ ջրագծի ակունքում՝ անտառում, որը գտնվում է անտառ-տնտեսության հաշվեկշռում, ծառեր են հատվում: Գյուղապետը հարցրեց, հնարավոր չէ՞ այդ տարածքը համայնքին հանձնել, որպեսզի կանխվի ջրագծի ակունքում ծառերի հետագա հատումը: Մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարեց, որ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում նաեւ՝ Խաշթառակում հարկերի լիարժեք հավաքագրումը: Մարզպետն ասաց, որ ջրագծի ակունք հանդիսացող տարածքը համայնքին հանձնելու հարցն ինքը կուսումնասիրի, հետո կհայտնի այդ մասին:
Հայկ Քամալյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեց, որ Խաշթառակում հողի հարկի հավաքագրումը դժվարացավ 2012թ. Կառավարության որոշումից հետո, երբ ՀՀ Կառավարությունը չեղյալ համարեց վերջին մի քանի տարում գյուղացիների ունեցած հարկերի պարտքերը: Ընդ որում, սկզբում Կառավարությունը չեղյալ համարեց գյուղացիների տույժ-տուգանքները, եթե բնակիչները վճարեին պարտքի մայր գումարը: Դրանից հետո Կառավարությունը չեղյալ համարեց նաեւ գյուղացիների հարկի բոլոր ապառքները:

Այն գյուղացիները, ովքեր առաջին որոշումից հետո վճարել էին մայր գումարը, ափսոսեցին, որ դա կատարել են, քանի որ անբարեխիղճ գյուղացիները, ովքեր դա չէին արել, լիովին ազատվեցին պարտքի մայր գումարները եւ տույժ-տուգանքները վճարելուց: Խաշթառակ համայնքի ղեկավարն ասաց, որ իր համագյուղացիները այժմ հողի հարկի գումար չեն վճարում՝ հույս ունենալով, որ մի քանի տարի անց Կառավարությունը նոր որոշմամբ չեղյալ կհամարի դրանք:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս