Որքանով է քաղաքական կյանքն արտացոլվում գրական գործերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն օրեր առաջ գրքի տոնի առթիվ ներկայացրել էր, թե Հայաստանում ընթերցողն ինչպիսի գրականության պակաս ունի, զրուցել էր գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի եւ բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի հետ, ծանոթացել նրանց տեսակետներին: Այժմ արդեն ընթերցողին ենք ներկայացնում մեր զրույցի երկրորդ հատվածը, որի շրջանակում անդրադարձել ենք Հայաստանի ներքին քաղաքական կյանքի ուղղակի կամ անուղղակի արտացոլմանն արդի գրական գործերում:

Հովիկ Չարխչյանի համոզմամբ` գրականությունը մշակույթ է, որը չի ընդունում պարտադրված թեմաներ. սա ժամանակագրություն չէ: Նրա կարծիքով` բոլորովին պարտադիր չէ անդրադառնալ քաղաքական խմորումներին եւ ասել, թե այդ անդրադարձն արդեն իսկ գրական գործը դարձնում է արժեքավոր. կան բազում այլ ճանապարհներ` ասելիքի արդիական հնչեղությունն ապահովելու համար. «Երբ Թումանյանը գրում էր «Մի կաթիլ մեղրը», նա կարող էր չիմանալ, որ 2015-ի փետրվարին Հայաստանի ներքաղաքական կյանքը շատ նման կլինի դրան, բայց Թումանյանը գիտեր, թե ինչ ասել է «հավերժական թեմա»: Մյուս կողմից, եթե որեւէ հեղինակ կարող է այսօրվա իրադարձությունները մատուցել գեղարվեստական գույնով եւ դա իրագործել այնպիսի խորությամբ եւ վարպետությամբ, որ ներկայի մեջ տեսանելի լինեն բոլոր ժամանակները, ես այդ գրքի առաջին ընթերցողը կդառնամ»-մեզ հետ զրույցում նկատեց նա:

Աշոտ Գաբրիելյանն էլ վստահեցրեց, որ չի եղել մեկ այլ շրջան, երբ հայ գրականությունն այսպես անկեղծորեն արտացոլի ժամանակի քաղաքական, սոցիալական խնդիրները, որքան այսօր: Նրա խոսքով` որոշ հեղինակների մոտ դրանք առաջնային խնդիրներ ու թեմաներ են դառնում, իսկ ոմանք էլ կամա թե ակամա ենթատեքստով արծարծում են տվյալ խնդիրները, քանի որ գրողը, մեր զրուցակցի պատկերացմամբ, ինչ հայացքներ էլ ունենա, չի կարող անտարբեր լինել իր ժամանակի քաղաքական զարգացումների հանդեպ. «Այսպես ասած` նրանք Մարսից չեն իջել: Այս հարցադրումը վերջին շրջանում շատ է արծարծվում այն պատճառով, որ հաճախ գրողից պահանջում են քաղաքական հարցերի շուրջ մեկնաբանություններ անել: Սակայն պետք է ասել, որ ազնիվ չէ, երբ գրողին կարդում է, օրինակ, 500 հոգի, սակայն նրանից պահանջում են 50 հազարանոց լսարանին տեսակետներ առաջադրել»,- մեկնաբանեց նա` հավելելով, որ այսօրվա գրողը խուսափում է կույր գործիք դառնալ տարբեր քաղաքական շերտերի համար, ինչպես դա եղել է խորհրդային շրջանում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս