«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի շինարարական բումի տարիները շատերը երանությամբ են հիշում: Ոչ միայն կառուցապատողներից ոմանք մի օր «արթնացան» միլիոնատեր դարձած, այլև հասարակ մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում խոպան են գնացել, այդ շրջանում Հայաստանում կարող էին աշխատանք գտնել և հաց վաստակել: Նաև, ինչու չէ, մայրաքաղաքին պատիվ չբերող հյուղակները մեծ հաշվով վերացան՝ իրենց տեղը զիջելով գոնե արտաքուստ բարեկարգ շենքերին: Բայց այդ շրջանը երանությամբ հիշողների կողքին քիչ չեն նաև «անիծողները»: Խոսքը ոչ միայն իրենց տներից բռնությամբ վտարված բնակիչների մասին է, այլև այդ նույն կառուցապատողների: Ընդամենն արձանագրենք, որ նրանցից երկուսն այլևս չկան, բավականին ծաղկուն տարիքում հեռացան Աշոտ Տոնոյանն ու Համլետ Ամիրխանյանը: Առաջինն ընդամենը 56 տարեկան էր, երկրորդը՝ 61:
Երկուսի մահն էլ անմիջականորեն կապված էր իրենց գործունեության հետ, թեև Տոնոյանը սրտի կաթվածից մահացավ: «Զոհերի» շարքը լրացնում են Սիմոն Պապոյանը, Վլադ Մանգասարյանը, «Նորաշենի» տերերը, որոնք բանտում են և ոչ միայն քրեական հետապնդման են ենթարկվում, այլև մեծ թվով մարդկանց են վնաս պատճառել, նրանց ողբերգության, դժվարությունների, սթրեսների պատճառ դարձել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։