«ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին ճնշել են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն»-ը չի մասնակցելու ՀԱԿ-ի  հրավիրած մարտիմեկյան հանրահավաքին, քանի որ այդ օրն իրենց վաչության անդամներն ու ակտիվիստներն այցելելու են սահմանամերձ գյուղեր:  Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ այդ այցի համար հատուկ չէր ընտրված այդ օրը, նախապես ունեցել են իրենց պլանները:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի համագումարին, ապա Հակոբյանն ասաց, որ առայժմ հրավեր չունեն, և տեղյակ էլ չէ՝ արդյոք որևէ քաղաքական ուժի հրավեր լինելու է, թե ոչ: «Մի շաբաթ սպասենք, չշտապենք, սպասենք մինչև մարտի 5-ը»,- նշեց նա:

Ռուբեն Հակոբյանի խոսքով, լուրջ համակարգային, քաղաքական ճգնաժամ է այսօր ապրում Հայաստանը: Ըստ նրա, իշխանությունն այդպես էլ չգիտակցեց, որ իրենց հիմնական ընդդիմությունը ժողովուրդն է:

«Քաղաքական դաշտը բավական ամլացել է, բայց չեմ կարծում, որ այսպես կշարունակվի, աղմուկ կա, որը կվերադառնա, կմտնի Ազատության հրապարակ, ու ժողովուրդն իր խոսքը կասի»,- նշեց պատգամավորը: Հակոբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին ճնշել են, Բալահովիտում գործարաններից մեկում աշխատող Ծառուկյանի համակիրներին տեռորի են ենթարկել:

Հարցին, թե իսկ ինչ կերպ է «քայլելու» ընդդիմությունը, նա արձագանքեց. «Առաջիկայում կհստակեցվի, գաղտնիք չէ, որ քաղաքական տեսակշիռ ուներ ԲՀԿ-ն ու քաղաքական եթերից սառեցրել է իր դիրքերն այս պահին: Համագումարը հստակություն կմտցնի ոչ միայն ԲՀԿ-ի դիրքորոշման խմբակցության հետ կապված, այլև ընդդիմադիր դաշտում որոշակի տեղաշարժեր կլինեն»:

Լուսնակարը` PAN photo




Լրահոս