ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցդցանցի իր էջում գրառում է կատարել Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ.
«Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում:
Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը եւ որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելո՞վ:
Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առաջ: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի եւ նրա զոհված որդու առաջ:
Կարծում եմ ճիշտ չէ հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ եմ եղել: Բայց եթե սա է չափանիշը, թող պարոն Ֆարմանյանն ասի՝ իր որդու կամ Մարտի 1-ի որեւէ զոհի գերեզմանում քանի՞ անգամ է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նախորդ Մարտի 1-ից հետո ունեցած ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում քանի՞ անգամ է Մարտի 1-ի մասին հիշել Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հարկ եմ համարում նաեւ ընգծել՝ Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ նրա ղեկավարի կողմից կազմակերպվող բերիական ոճի այս հարձակումները ընդամենը կարեկցանք են առաջացնում՝ ուրիշների ետեւում թաքնվելու շարունակական եւ երկչոտ գործելակերպի կապակցությամբ»: