Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Երևանի բնակչուհի 38-ամյա Ռուզաննան դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ Սարի թաղում իր կողմից մատուցված սեռական ծառայությունների դիմաց իրեն վճարվել է կեղծ թղթադրամ:
Armlur.am-ը տեղեկանում է, որ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված 26-ամյա Սարգիս Վարդանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել է դատաքննություն անցկացնել արագացված ընթացակարգով:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սարգիսին մեղավոր է ճանաչել և դատապարտել նրան 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով:
Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի սրահում Ռուզաննան սեռական ծառայություն է մատուցել մի քանի երիտասարդի և նրանցից ստացել 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ: Ոստիկանները պարզել են, որ նշված օրը կնոջը կեղծ 20 հազար դրամանոցը տվել է տաքսի ծառայություններից մեկի վարորդ Սարգիս Վարդանյանը՝ մեկ այլ Սարգսի հետ միասին:
Սարգիս Վարդանյանը, աշխատելով «Հրազդան» տոնավաճառում որպես վաճառող, քննությամբ չպարզված անձից հագուստների վաճառքի դիմաց ստացել է մեկ հատ կեղծ 20 հազար ՀՀ դրամ, իսկ հետագայում պարզելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը՝ որոշել է պահել այն որպես հուշանվեր:
Իսկ դեպքի օրը Սարի թաղում ավտոմեքենայի սրահում իրեն մատուցված ծառայությունների դիմաց մարմնավաճառին վճարել է հենց այդ նույն կեղծ թղթադրամով: