Հուսով ենք՝ Ռուսաստանը կչափավորի Ադրբեջանի սպառազինության մոլուցքը. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել ռուսական Regnum լրատվական կայքին: Լրատվամիջոցի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ քանզի Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, այդ իսկ պատճառով էլ Մոսկվան իրավաբանորեն ամրագրված պարտավորություններ ունի ՀՀ ռազմական անվտանգությանն աջակցելու գործում:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի դեմ պատերազմ սկսվելու դեպքում, Ռուսաստանը կհետևի իր պարտավորություններին, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև 29.08.1997թ  կնքված փոխադարձ օգնության, համագործակցության ու բարեկամության մասին պայմանագրում, ՀՀ և ՌԴ միջև Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին 1995 թ մարտի 16-ին կնքված պայմանագրում ու 1992 թ մայիսի 15-ին կնքված Հավաքական անվտանգության պայմանագրում»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ չնայած սրան Հայաստանը նախ և առաջ հենվում է ՀՀ Զինված ուժերի ու հայկական բանակի մարտունակության վրա:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ ռազմատեխնիկա վաճառելուն՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ սա մեզ համար չափազանց նուրբ հարց է:

«Մի կողմից մենք հասկանում ենք, որ ցանկացած ինքնիշխան պետություն իրավունք ունի զբաղվել զենքի առք ու վաճառքով, սակայն կարծում ենք, որ ռազմավարական գործընկերների շահերն ու մտավախությունները ևս պետք է հաշվի առնվեն: Հույս ունեմ, որ մեր ռուս գործընկերներն անդադար հետևում են Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակությանը և ջանում են չափավորել մեր հարևանի «զենքային մոլուցքը»,- ասել է նա:




Լրահոս