ՊԱՌԱՎԱԾ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարությունը շարունակում է քննարկել՝ արժե ամուսնության նվազագույն տարիքը Ընտանեկան օրենսգրքում թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սահմանել 18 տարեկանը, թե աղջկա դեպքում թույլատրելի է ամուսնանալ նաեւ 17-ում: Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս առթիվ նույնիսկ հայտարարել էր, թե ամուսնության տարիքը պետք է սահմանել 19 տարեկանից՝ հավանաբար ելնելով 12-ամյա կրթական ցենզից:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ճիշտ ե՛ւ տղայի, ե՛ւ աղջկա դեպքում ամուսնության համար նվազագույն տարիքը 18 տարեկանը սահմանելը: Ըստ Ձեզ՝ ո՞ր տարիքում է ճիշտ ամուսնանալը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ փոփոխությունների հիմնավորումների մեջ կան այնպիսի պայմաններ, որոնք վերին աստիճանի ընդունելի են, բայց կան այնպիսիները, որոնք ընդունելի չեն: Օրինակ՝ գենդերային հավասարության հարցը: Գիտեք, Հայաստանում շատ ավելի այլ խնդիրներ կան, քան, ասենք, գենդերային հավասարության հարցն  է: Կան երկրներ, երբ դրվում է տարիքի հարցը, բայց միեւնույն ժամանակ մասնավոր դեպքեր են լինում, եւ հնարավորություն է տրվում, ինչը ես համարում եմ ճիշտ մոտեցում: Բոլոր դեպքերում, ելնելով առողջական, սոցիալական, հոգեբանական գործոններից՝ ամուսնության համար լավ տարիք համարում եմ մոտ 20 տարեկանը: Պարտադիր չէ կոնկրետ 20-ը, բայց սկսած 20-ից, քանի որ այդ տարիքում ինքնուրույնության, սոցիալ-տնտեսական առումով կայուն վիճակ է լինում:
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՀՀ առաջին օմբուդսմեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Որքան հասունացած լինի զույգը, այնքան կայացած ու ամուր կլինի ընտանիքը: Կառավարության ծրագիրը ողջունում եմ: Ինձ համար հասունացված ու գիտակցված ընտրությունը լավ ընտանիքի երաշխիքն է:
ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Գագիկ Ծառուկյանի խորհրդական
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, որ այդ մեկ տարին շատ մեծ տարբերություն կտա, եւ 18 տարին լիարժեք է հասունության հասնելու համար: Իսկ գյուղական շրջաններն ունեն իրենց պապենական օրենքները, որոնք կարող է եւ գործեն, բայց այսօր մեր գյուղերն այնքան զարգացած են, որ կհետեւեն այսօրվա իրական օրենքին: Պարզապես պետք է անպայման հաշվի առնել ազգային փոքրամասնությունների ազգային առանձնահատկությունները: 18 տարեկանը ե՛ւ որպես հասունության, ե՛ւ ամուսնության տարիք նորմալ է: 
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
Լեզվի տեսչության պետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 1940 թվականը Հայաստանում 14 տարեկանն  էր ամուսնության տարիքը, պատերազմից հետո բարձրացրին շեմը՝ 16-17 տարեկան: Հիմա մեզ մոտ 24-28 տարեկանն է ամուսնության տարիքը, այսինքն՝ մեր հարսնացուները երեք տարով պառավել են: Առաջ եթե 22-28 էր, ապա այսօր ամուսնության տարիքը հասել է 27-29-ը: Այս առումով իրականում օրենքը որեւէ բան դժվար թե փոխի: Կարող է տարեկան մի 30.000 ամուսնություն գրանցվի, բայց դրանից մի 5-6-ը կլինեն այդ տարիքի, այսինքն՝ 18 տարեկան: 
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ սոցիոլոգ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս