Ինչ զարգացումներ են սպասվում ԲՀԿ համագումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 5-ին կայանալու է ԲՀԿ արտահերթ համագումարը: Սպասվում է, որ այդ օրը կտրվեն վերջին շաբաթներում ներքաղաքական կյանքում հրատապ դարձած մի շարք հարցերի պատասխաններ:

Այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպում են միմյանց հետ և փորձում հասկանալ, թե առաջիկայում ինչպիսին է լինելու իրենց կուսակցության դերակատարությունը քաղաքական դաշտում, որպեսզի յուրաքանչյուրն իր հերթին կողմնորոշվի` ինչպես վարվել, դուրս գալ կուսակցությունից, թե` ոչ:

ԲՀԿ արտահերթ համագումարը տեղի կունենա դռնփակ, քանի որ ԲՀԿ վերնախավը կասկածներ ունի, թե իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, քանի որ վերջին հայտնի իրադարձություններից հետո կուսակցության ակտիվը շատ նեղված է, և բոլորը փորձելու են Գագիկ Ծառուկյանից պարզաբանում ստանալ: Իսկ թե ինչպես կավարտվի այդ ամենը, դժվար է ասել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համագումարին, և «կապիտուլյացիայից» հետո սա լինելու է նրա առաջին հանդիպումը կուսակիցների հետ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն իր ելումուտն այնպես է կազմակերպելու, որ լրագրողները հնարավորություն չունենան նրան հարցեր տալու:

Այս օրերին դեռևս շարունակվում են լուրեր շրջանառվել տարբեր ԲՀԿ-ականների` կուսակցությունը լքելու մասին: Մեր տեղեկություններով` ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս մտադիր է հրաժարվել խոսնակի պաշտոնից:  Սակայն, կրիկին մեր տեղեկություններով, Տիգրան Ուրիխանյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Նա մյուս ԲՀԿ-ականների պես այս օրերին քննարկում է իր հետագա անելիքները կուսակցությունում, փորձում կողմնորոշվել` շարունակել մնալ  ԲՀԿ-ում, թե այլ տարբերակ ընտրել:

Տեղեկություններ կան նաև, թե ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ևս  հայտարարել է  մանդատը վայր դնելու և  ԲՀԿ-ից հեռանալու ցանկության մասին։  ԲՀԿ-ից հեռանալ ցանկացողների թվում են նաև Գուրգեն Արսենյանը, Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:

Իսկ ԲՀԿ-ի վերնախավի շրջանում այս պահին նաև դժգոհության ալիք է բարձրացրել: Այն լուրը, որ ԱԺ ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարող է դառնալ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նոր նախագահը, կուսակցության վերնախավի շրջանում դժգոհությունների տեղիք է տվել: Փաստարկն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարողանա պատգամավորներին «կառավարել», քանի որ նրանց մի մասը «ենթարկվում» էր բացառապես Ծառուկյանին:

Մարտի 5-ի արտահերթ համագումարին են սպասում նաև ոչ իշխանական ուժերը: Նրանք այս օրերին հրաժարվում են  խոսել իրենց և ԲՀԿ հետագա համագործակցության մասին` հայտարարելով, որ բոլոր հարցերին կկարողանան պատասխանել միայն համագումարից հետո: Մնում է սպասել համագումարին և ստանալ կուսակցության ճակատագրին առնչվող, թերևս, ամենակարևոր հարցերի պատասխանները:




Լրահոս