«Հրազդան» տոնավաճառը սնանկանում է. Գագիկ Ծառուկյանի մոտ «գնացած» վաճառականները նոր պայմանագրեր չեն կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ լուրեր էին տարածվել, թե այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնի իրադարձություններից հետո հրաժարվեց «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին տրամադրել խոստացված անվճար տարածքը՝ շուկա դարձնելու համար, առևտրականների հիմնական մասը հետ է վերադարձել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող շուկա և համաձայնել նոր պայմանագրեր կնքել պատգամավորին պատկանող առևտրի կենտրոնի հետ: Բայց մինչ այդ, Աղաբաբյանը, թերևս վախենալով, որ շուկան կդատարկվի, որոշել է վերանայել, ուղղել իր սխալը և իջեցնել տաղավարների վարձավճարները:

Armlur.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը նկատեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում: Տարածքը վարձակալության եմ տվել, հարցերը ճշտեք տնօրենից: Նման ներքին հարցերից ես տեղյակ չեմ»:

Իսկ «Հրազդան» տոնավաճառի տնօրենը` Գագիկ Ժամհարյանը, Armlur.am-ին հայտնեց, որ վաճառականների հետ վերջին պայմանագիրը կնքվել է ավելի քան 1 ամիս առաջ: Այս օրերին նոր պայմանագիր կնքելու դիմողներ անգամ չեն եղել:

«Մենք տարեսկզբին երեք ամսվա կտրվածքով ենք սովորաբար պայմանագիր կնքում: Այդ երեք ամիսը դեռ չի ավարտվել: Ինչ կնքել ենք, կնքել ենք: Եթե մարդիկ ցանկանան, մարտի 1-ին կվերակնքենք»,- ասաց տնօրենը:

Հարցին` պայմանները փոխվե՞լ են արդյոք, որպեսզի նախկին աշխատակիցները կրկին պայմանագիր կնքելու ցանկություն հայտնեն, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց. «Նախկինում ինչ պայմաններ եղել են, նույնն են մնացել: Եթե համեմատենք նախկին վիճակի հետ, մարդկանց թվի տարբերությունը շատ մեծ է: Մենք շատ ծանր ֆինանսական դրության մեջ ենք հայտնվել, բանկային բազմաթիվ պարտավորություններ ունենք, 3 մլն դոլարի պարտքուպահանջ, որն ամբողջությամբ ծախսվել է մարզադաշտի վերանորոգման նպատակով»,- հայտնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե անգամ որևէ պայմաններ փոխվեն, ինքը չի կարծում, որ մարդիկ կդիմեն` պայմանագիր կնքելու: Խնդիրը, ըստ նրա, ավելի խորքային է, տնտեսական և այլ հանգամանքներով պայմանավորված:

Գագիկ Ժամհարյանի խոսքով` ի տարբերություն այլ տոնավաճառների, որոնց եկամուտը կոնկրետ մարդկանց է հասնում, «Հրազդան» տոնավաճառի հասույթն ամբողջությամբ հատկացվում է մարզահամալիրի վերանորոգմանը:

«Մենք շատ խնդիրներ ունենք: Մանավանդ այն, որ նոր տոնավաճառ է բացվում Աբովյանում, մարդկանց հոսքը դեպի այնտեղ է գնում: Առևտրականին անգամ շաբաթ-կիրակի օրվա հետ կապված ինչ-որ պայմաններ պետք չեն. կարևոր է ավտոկայանատեղին, մարդկային վերաբերմունքը, սպասարկումը, ծառայությունների մատուցման ձևը»,- շարունակեց տոնավաճառի տնօրենը:

Վերջինիս փոխանցմամբ, հնարավոր է «Հրազդան» տոնավաճառը սնանկացման պրոցեսում հայտնվի: Պատճառը, նրա խոսքով, այն է, որ բանկերին ունեցած պարտավորությունները չեն կարողանում լուծել. մեծ հարված էր նաև Աբավյանում կառուցվող տոնավաճառը:

«Հարկային տեսչությունը 54 մլն դրամի անհիմն ակտ է գրել: Այս խնդիրը լուծելու համար ստիպված ենք եղել տոնավաճառի գույքը աճուրդի դնել, ու միանշանակ նաև աշխատակիցների կրճատումներ էլ կլինեն: Ու փոքր հարված չէր նաև Աբովյանի տոնավաճառի կառուցումը: Հիմա անգամ աշխատակիցներին սահմանված ժամկետներում աշխատավարձերը տալ չենք կարողանում»,- հայտնեց Գագիկ Ժամհարյանը` հավելելով, որ «Հրազդան» տոնավաճառը համապետական կառույց է, ինչը շատերն են մոռանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել նաև, իբր Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցվող տոնավաճառի շինաշխատանքները դադարեցվել են: Այս լուրերը ևս հերքվեցին. Armlur.am-ը ներկայացրել է շինաշխատանքների ընթացքը:




Լրահոս