ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Իրանում երեկ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել: Երեւանի ժամանակով 21:14-ին գրանցվել է 5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Այն զգացվել է ՀՀ տարածքում՝ Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Վերջին օրերին այս վայրերում հետցնցումները կարծես թե դարձել են պարբերական երեւույթ:

6-Ը՝ 18-ԻՑ
Երեկ կառավարության հերթական նիստն անցավ շատ տաղտկալի: Ավելին, զարմանալի  զուգադիպությամբ հիմնականում փոխնախարարներն էին ներկա այդ նիստին: Պարզվեց՝ գրեթե բոլոր նախարարներն այս օրերին կա՛մ զբաղված են, կա՛մ արձակուրդում: Իսկ նրանց փոխարինող փոխնախարարներն էլ կարծես առաջին անգամ էին ելույթ ունենում կառավարությունում. նրանք բավական վախվորած էին: Ինչ-որ հարց ներկայացնելիս խառնվում էին իրար, հազիվ կարողանում տակից դուրս գալ: 18 նախարարներից նիստին ներկա էին 6-ը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

ՉՀԻՇՎՈՂԸ
Օգոստոսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին ոչ կոռեկտ հայտարարություն է արել՝ ասելով, որ Ղուկասյանը սպառել է իրեն: Քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե այս հայտարարությունների հեղինակը տեղյակ չէ ո՛չ Գյումրուց, ո՛չ Հայաստանից: «Զարմանալի է մի բան, որ Հայաստանի ամենաչհիշվող վարչապետը, որը Գյումրուց եւ, առհասարակ, հանրապետությունից քիչ է տեղյակ, այսօր, հայտնվելով Ազգային Ժողովում, նման հայտարարություն է անում»,-հակադարձեց նա:

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ
Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մամուլի հրապարակումների հիման վրա նշանակել է ծառայողական  քննություն՝  պարզելու՝ արդյոք 45-ամյա Լուսինե Ղազարյանի սպանության օրը բնակիչների ահազանգերին ոստիկանությունը պատշաճ  ու ժամանակին է արձագանքել, թե ոչ: Ըստ ոստիկանության՝ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս Արաբկիրի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 1-ին մուտքի մոտից ձայներ են լսվում: Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ եւ այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով՝ օպերատիվ խումբը վերադարձել է: Որոշ ժամանակ անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս դարձյալ ահազանգ է ստացվել: Ահազանգողը, նշելով նույն հասցեն, հայտնել է, որ 2-րդ հարկի հարեւանուհին չի արձագանքում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է նշված հասցեով եւ Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել 1967թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն օգոստոսի 13-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է դարձել մեխանիկական շնչահեղձությունը:




Լրահոս