ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ն մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին ներկա չի լինելու: ՀՅԴ խմբակցության քարտուղարը վստահ է, որ Դաշնակցությունն այն ընդդիմադիր ուժն է, որն իր ոտքերի վրա ամուր կանգնած է:
-Պարո՛ն Վարդանյան, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի ընդդիմությունը կաղում է, այն էլ` «3 ոտքից»: ՀՅԴ-ն համամի՞տ է իշխանության ներկայացուցչի այդ տեսակետի հետ` նկատի առնելով այն, որ, իսկապես, այսօր Հայաստանի ընդդիմադիր դաշտում խնդիրներն ու անորոշությունը չափից ավելի շատ են:
-Ո՛չ, ես չեմ համարում, որ դա այդպես է: Դաշնակցությունն ընդդիմադիր քաղաքական ուժ է ու ամուր կանգնած է իր ոտքերի վրա: Իհարկե, վերջին զարգացումները, վերջին վերադասավորումներն ինչ-որ բան են փոխել ընդդիմադիր դաշտի որոշ հատվածում՝ եռյակում: Բայց սա չի նշանակում, որ իշխանությունները պետք է մտածեն, թե իրենք խնդիրները լուծել են եւ այլեւս ազատ են ու կարող են անել այն, ինչ ուզում են: Ընդհակառակը, որոշակի վերադասավորումներ եղել են, բայց երկրում առկա խնդիրները բացարձակապես չեն լուծվել ու իշխանություններն այս ամենից պետք է համապատասխան հետեւություններ անեն:
-Բայց իշխանությունները, կարելի է ասել, արձանագրում են այն, ինչն այսօր առկա է: Ոչ իշխանական ուժերը համախմբվել էին քառյակ ֆորմատով, որը որոշ ժամանակ անց վերածվեց եռյակի, քանի որ Ձեր խմբակցությունը որոշեց «բաժանվել» նրանցից: Չե՞ք կարծում, որ այսօր ՀՀ ընդդիմադիր դաշտը շատ «թույլ» է ու անկայուն: Ձեզ համար հասկանալի՞ է ընդդիմության պահվածքը:
-Ես չէի ուզենա ուրիշների փոխարեն իրենց գործունեությունը գնահատել, բայց ես մի բան միշտ ասել եմ՝ երբ որ կար մի շրջան, որ մեծամասնությունը չափազանց ինքնավստահ էր գործում ու ասում էր, որ մենք ընտրություններում հաղթել ենք, ու մեր դեմ խաղ չկա, անհրաժեշտություն առաջացավ ընդդիմադիր քաղաքական, խորհրդարանական ուժերի համախմբման: Ու այդ առումով քառյակը շատ արդյունավետ գործում էր, որովհետեւ կար սկզբունք, կոնկրետ խնդիրները ձեւակերպում էինք, եթե բոլորս համաձայնվում էինք այդ խնդրի շուրջ, փաստաթղթավորում էինք, հիմնավորում էինք եւ հետապնդում էինք:
Ցավոք, հետագայում քառյակը դադարեց այդպիսին լինելուց, մենք հայտնի պատճառներով դուրս եկանք քառյակից, բայց ես նաեւ ուզում եմ հետին թվով ասել, որ դա միայն մեր ցանկությամբ չէր: Մյուս ուժերում կային նաեւ շրջանակներ, որոնք շատ էին ուզում, որ մենք չլինենք քառյակում, ու դրանից հետո իրենց գործունեությունը գնաց այլ ուղղությամբ: Մենք պնդում էինք, պահանջում էինք, որ չի կարելի երկրում առկա բոլոր հարցերը եւ սահմանադրական բարեփոխումները բերել, խառնել իրար, դրանք պետք է զուգահեռ ընթանան: Եւ որեւէ բան չէր խանգարում, որ մենք միասին մյուս հարցերը հետապնդեինք, իսկ սահմանադրության փոփոխությունների հարցում ունենայինք տարբեր դիրքորոշումներ: Ցավոք, մեր գործընկերներն օրակարգի հիմնական խնդիրը դարձրեցին սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելը, իսկ արդյունքը բոլորիս աչքի առաջ է:
-Իսկ ովքե՞ր էին այդ ուժերը, որ քառյակում Ձեզ չէին ցանկանում տեսնել, ի վերջո, այսօր եռյակը նույնպես «փլուզվել» է, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, հեռանում է քաղաքականությունից: Դուք տեսնում եք ընդդիմադիր մյուս ուժերի հետագա գործունեության ձեւաչափը:
-Ես կրկնում եմ, չեմ պատրաստվում ո՛չ ՀԱԿ-ի եւ ո՛չ էլ «Ժառանգություն» կուսակցության անելիքների, ճակատագրի մասին խոսել, ես ընդամենն ուզում եմ հավատալ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թեւը կգտնի իր մեջ ուժ վերակազմակերպվելու, վերադասավորվելու ու չի կորցնի իր որոշակի դերակատարությունը քաղաքական դաշտում: Կարծում եմ, որ դա կարեւոր է:
-Ձեր կարծիքով՝ ո՞վ կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ Ձեզ՝ ո՞ւմ է վստահելու կուսակցության «ղեկը» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նշվում է, որ հիմնական թեկնածուն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է:
-Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չեմ, ես Դաշնակցության անդամ եմ, ԲՀԿ անդամներն իրենք պետք է որոշեն, թե իրենց կուսակցությունն ով է ղեկավարելու:
-Մարտի 1-ին ՀԱԿ-ը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում, ՀՅԴ-ն ներկա կլինի՞, Դաշնակցությունն այդ հարցում որոշում ունի՞, թե՞ ոչ:
-Ո՛չ, չեմ գնալու, մենք նման որոշման կարիք չունենք, սա ո՛չ առաջին տարին է, ո՛չ երկրորդ տարին, չենք գնալու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ