2014թ. նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը երեք քրեական գործ էր հարուցել՝ համայնքին պատճառած վնասի, դիտավորության, խաբեությամբ զգալի չափերի գումար վերցնելու եւ հափշտակելու հատկանիշներով: Հարուցված երեք քրեական գործերը միացվել էին մեկ վարույթում, եւ այս գործերով Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Սակայն զարմանալի զուգադիպությամբ հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել են:
Եվ այսպես, ի՞նչ է արել Գառնի համայնքի ղեկավարը, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզվել էր, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը, վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողություն չի իրականացրել՝ դրսեւորելով անգործություն:Միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող, իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:
Սա դեռ վերջը չէ. Աշոտ Վարդանյանը, լինելով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու եւ օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքների վերացումը ապահովելու, ինչպես նաեւ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու եւ վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Ավելին՝ Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն գյուղի բնակչից, համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու եւ նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար եւ հափշտակել այն:
Նշված դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ հարուցվել էին երեք քրեական գործեր, որոնք հետագայում միացվեցին մեկ վարույթում: Իսկ, ահա, Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը չորս տարի ժամկետով), 315.2-րդ հոդվածով` (Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Եվ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը պատժվում առավելագույնը երկու տարի ժամկետով): Հաշվի առնելով այս քրեական գործերը՝ Գառնի համայնքի ղեկավարին սպասվում էր ոչ ավել, ոչ պակաս 11 տարվա ազատազրկում, սակայն գյուղապետը այս պատմությունից միանգամայն չոր է դուրս եկել. նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել են:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Կոտայքի մազի դատախազությունը հաստատել է, որ քրեական գործերը կարճելու որոշումն անօրինական է: Թե ինչ զարգացումներ կլինեն, դեռ վաղ է կանխատեսել:
«Ժողովուրդ»-ը փորձեց գյուղապետից պարզել, թե նա ինչպես այս պատմությունից չոր դուրս եկավ, սակայն Աշոտ Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, թե չի ցանկանում խոսել այդ մասին:
Քնար Մանուկյան