«Մոմիկ». ֆիլմ` նկարված ջրաներկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

13-րդ դարի հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ եւ քանդակագործ Մոմիկի մասին առաջին անգամ գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի: Միջնադարյան արվեստագետի մասին մինչ օրս ներկայացվել են վավերագրական որոշ անդրադարձներ միայն: «Մոմիկ»-ն էքշըն ժանրի լիամետրաժ, այլընտրանքային անիմացիոն ֆիլմ է, հեղինակը Հայկ Սայադյանն է, ով նաեւ նկարիչ է:

«Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, որ Մոմիկի կյանքին ու ստեղծագործությանն արվեստաբանները հաճախ են անդրադարձել, եւ հարցին, թե ինչն է նրան դրդել ընտրել հենց այս արվեստագետին, Հայկ Սայադյանը պատասխանեց` արյան կանչը եւ այն հանգամանքը, որ այս թեմային անիմացիոն անդրադարձ չէր եղել. «Եվ, առհասարակ, մեծածավալ անիմացիոն անդրադարձ մեր պատմական անցքերից որեւէ մեկին չի եղել, իսկ դրա անհրաժեշտությունը հիմա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, առավել քան անհրաժեշտ եմ համարում: Երբ նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր մեր եղերական հարյուրամյա անցյալի մասին, կարծում եմ` դրան զուգահեռ պետք է ստեղծվեն նաեւ ֆիլմեր, որոնք կպատմեն մեր ազգի մասին` ոչ հարյուրամյա վաղեմության կտրվածքով»,- մեզ հետ զրույցում նկատեց նա` ցավ հայտնելով, որ քչերն են գիտակցում սրա անհրաժեշտությունը, իսկ, ահա, այլ երկրներում միջոց ու եռանդ չեն խնայում իրենց պատմությունն էկրանավորելու համար:

«Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, որ ողջ ֆիլմը նկարված է ջրաներկով, եւ այս հանգամանքը ուշագրավ է, քանի որ նման մոտեցում, կարծես, նախկինում չի ցուցաբերվել, Հայկ Սայադյանը պատասխանեց, որ ֆիլմն այդ առումով նախադեպը չունի. «Մինչ այժմ նկարված շարժանկարները մատիտանկարներ են, իսկ միջնադարին ու Մոմիկին մատիտով մոնոտոն անդրադարձը սխալ կլիներ»,-բացատրեց նա:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ֆիլմն արժանացել է պետական հովանավորչության, եւ ինքն այն բավարար համարո՞ւմ է, Հայկ Սայադյանը պատասխանեց. «Ունեմ մշակույթի նախարարության, ՀՀ Կառավարության ու ազգային կինոկենտրոնի աջակցությունն այս նախագծին, սակայն նախագծի մասշտաբների հետ համեմատած՝ ակնկալում եմ, որ այն կհասունանա այնքան, որ կվերածվի գրանդիոզ համազգային նախագծի, եթե իմ գործին լծվեն շատ ավելի շահագրգիռ կողմեր` ենթադրյալ պատկան կողմերից սկսած»:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է միջնադարյան հանճարներից մեկի` Մոմիկի ծննդյան 755-ամյակը, այս առթիվ Հայկ Սայադյանը մտադիր է «Մոմիկ» ֆիլմը էկրան բարձրացնել հենց 2015-ին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս