70-ականների թրենդները վերադառնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն գարուն է:  Նոր սեզոնն իր հետ բերելու է նաեւ նորաձեւության նոր միտումներ: Թե ինչ ոճի, գույնի եւ մատերիալի զգեստներով, կոշիկներով ու աքսեսուարներով պետք է զարդարել մեր պահարանները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խորհուրդ է տալիս ոճաբան Արփինե Կոշտոյանը:

-Արփինե՛, այս տարի գարնանային նորաձեւությունը ի՞նչ է թելադրում: Ի՞նչպիսի նոր միտումներ եք նկատում:

-Նախ նշեմ, որ այս գարնանը նորաձեւության ոլորտում առկա են յուրատիպ մոտեցումներ, այն միանգամայն տարբեր, բայց եւ հետաքրքիր լուծումներ է թելադրում: Դեռեւս նախորդ սեզոնից մոդայիկ է համարվում ռետրո ոճը. անցյալի վառ թրենդները վերադառնում են, զգալի կլինի մասնավորապես 70-ական թթ. շունչը: Ամեն սեզոնի փոխվելու հետ մտածում ենք` այս անգամ ինչով կարող է զարմացնել մեզ նորաձեւությունը: Հենց այդ ժամանակ ի հայտ են գալիս այնպիսի տենդենցներ, որոնք թեեւ առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ են թվում, սակայն մեզ դարձնում են իրենց ակամա գերին:

-Այս սեզոնին ո՞ր տենդենցների «գերին» ենք դառնալու:

-Այս տարվա նմանատիպ տենդենցներից մեկն էլ սպորտային կոշիկի եւ զգեստի համադրությունն է, որը մի քանի տարի առաջ ֆեշն-հանցանք էր: Այժմ այս մոտեցումը ամենամոդայիկներից մեկն է, որը գրավել է ողջ աշխարհը: Սնիկերսներն ու կեդերը կրում են ոչ միայն առօրյա, այլեւ դասական ոճի զգեստների եւ կիսաշրջազգեստների հետ: Սպորտային թեման վաղուց գտել է իր տեղը նորաձեւության ասպարեզում: Այժմ բավական ակտուալ են նաեւ սպորտային հագուստ հիշեցնող զգեստները: Սպորտային ոճը` առօրյա կերպարի համար. այս թրենդը հասել է գագաթնակետին: Այս ամենով հանդերձ կցանկանայի պարտադիր հիշեցնել, որ գեղեցկության չափանիշը կանացիությունն է, եւ ամենակարեւորը հենց կանացի լինելն է, անգամ եթե սպորտային հագուստ ես կրում:

-Այս գարնանը ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր երանգների համադրությունն է համարվելու մոդայիկ:

-Այս սեզոնի գունային գամման եւս հետաքրքիր է. ինչ գույն էլ որ կրենք, հանգիստ կարող ենք ինքներս մեզ համարել նորաձեւ: Պարզապես պետք չէ չարաշահել վառ գույները: Սեզոնին նորաձեւ են պաստելային մեղմ երանգները` բաց կապույտից մինչեւ վարդագույն, հատկապես, երբ այս երանգները համադրվում են մի կերպարում: Մենք կարող ենք նաեւ մեկ look-ում համադրել 3-5 գույն եւ լինել նորաձեւ. այս պարագայում, սակայն, եւս պետք է պահպանել չափի զգացողությունը:

-Իսկ ի՞նչ ձևվածքի եւ մատերիալի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները:

-Հիմա համարվում է գրագետ նորաձեւության շրջան, բավական ակտուալ են պարզ ձեւվածքները, մինիմալիստական զգեստները, որոնք կարելի է համադրել խոշոր զարդերով: Գեղեցիկ կդիտվի նաեւ դասական ձեւվածքի զգեստների միքսը սպորտային կոշիկների հետ: Այս սոզոնի ամենանորաձեւ կոշիկները սպորտային ոճում են, իսկ ոչ առօրյա կերպարի դեպքում ակտուալ են լինելու 50-60-ական թթ. նուրբ, սուր ծայրով բարձրակրունկ կոշիկները: Ի դեպ, քանի որ մինի կիսաշրջազգեստներն այլեւս մոդայիկ չեն, այժմ արդեն անհնար է պատկերացնել մինիների եւ բարձրակրունկների համադրությունը:

-Աքսեսուարների մասով ի՞նչ նորույթներ է խոստանում սեզոնը:

-Աքսեսուարներից նորաձեւ են լինելու խոշոր, բնական քարերից պատրաստված զարդերը, ցանկացած ոսկեզօծ աքսեսուար եւս ամենաակտուալներից է համարվելու: Ուշագրավ է, որ հոլոգրաֆիկ ակնոցներն այս սեզոնին եւս մեզ հետ են լինելու. դրանք արդեն 3-րդ սեզոնն է` չեն զիջում իրենց դիրքերը:

-Եվ վերջում` ի՞նչ խորհուրդ կտաք նորաձեւության սիրահարներին սեզոնի շրջանակում եւ դրանից դուրս:

-Թող մենք քայլենք նորաձեւությանը համընթաց. դա ինքնաարտահայտման լավագույն միջոցներից է: Այս պարագայում է, որ ստեղծվում է ուրույն ոճ, կերտվում անհատականություն: Ի վերջո, մեր արտաքինը բնորոշում է մեր ներաշխարհը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս