Աշխատավարձով ապրող ՀՀ քաղաքացիների մեծ մասն այս տարի էլ չկարողացավ մեկնել որեւէ զով վայր՝ ամառային հանգիստն անցկացնելու: Ոմանք չմեկնեցին գումար չունենալու պատճառով, ոմանց աշխատանքի վայրից թույլ չտվեցին… Օրինակ՝ երգչուհի Ջուսը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, որ ամռանն աշխատելու է. «Ամառս աշխատանքային է լինելու, 2 կամ 3 կլիպ ենք նախատեսել նկարել: Ես շատ եմ սիրում հանգստանալ, բայց ինձ մոտ չի ստացվում, միշտ մի բան խանգարում է»:
Ի տարբերություն Ջուսի՝ շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, կարողացել են իրենց ճոխ հանգստի համար պայմաններ ստեղծել: Շատերի համար աշխատանքն ու գումարը խնդիր չեն:
ՆԱՆԱ
-Մի 10 օրով որոշել ենք գնալ Իսպանիա` Բարսելոնա՝ հանգստանալու: Հետո էլ մի 10 օրով կպոկվենք Դուբայ, ու դրանից հետո բուռն աշխատանք, քանի որ նոր ձայնասկավառակ եմ պատրաստում նոր տեսահոլովակով:
-Երբ ասում եք՝ կմեկնենք, ո՞ւմ նկատի ունեք:
-Ընտանիքիս անդամներին: Մի քիչ կհանգստանանք ու կգանք: Ես այդքան էլ ժամանակ չունեմ, բայց մաման էլ, մյուսներն էլ կարողացան ժամանակ տրամադրել, դե համախմբվեցինք, որ գնանք:
-Հանգիստը հարմարեցնում եք գումարի՞ն, թե՞…
-Բա ո՞ւմ համար եմ աշխատում, եթե իմ վրա գումար չծախսեմ: Ես գումարի մեջ չեմ հարմարվում, գումարն է ինձ հարմարվում: Իմ աշխատանքն էլ է տենց: Ուր էլ ուզենամ, կարող եմ մեկնել, ես ինձ ամեն շռայլություն էլ կարող եմ թույլ տալ: Փառք Աստծո, ես այսօրվա կոմերցիոն երգչուհիներից եմ, ինչպես ասում են՝ «Себе не отказываю ни в чем»:
-Փորձո՞ւմ եք ամեն տարի մի տեղ մեկնել հանգստանալու:
-Ես չեմ սպասում, որ գա ամառը, ու ես մի տեղ մեկնեմ: Մի քանի օրից էլ գնալու եմ Բլագովեշենսկ քաղաք. ես, Արմենչիկն ու Աշոտ Ղազարյանն էնտեղ համերգ ունենք: Մեզ համար մեր շրջագայություններն էլ են հանգիստ, գնում ենք, ման ենք գալիս, երկիր ենք տեսնում: Ես համատեղում եմ աշխատանքն ու հանգիստը:
-Երբ Ձեր հաշվին եք մեկնում հանգստի, ինչքա՞ն եք ծախսում:
-Երբ դառնամ պայծառատես, կասեմ, բայց ես գումարս չեմ հաշվում: Եթե մի բան հավանում եմ, նաեւ գնումներ եմ անում:
-Առաջին իրը, որ դնում եք ճամպրուկի մեջ, ո՞րն է:
-Լողազգեստ, դե պայուսակն էլ պիտի մեծ լինի, ես թիթիզ եմ, տարբեր իրեր եմ վերցնում: Աքսեսուարներ շատ եմ սիրում` արեւային ակնոցներ, ժամացույցներ… Իմ մեծ ճամպրուկների պատճառով հաճախ հումորային իրավիճակներում էլ եմ հայտնվել: Աշոտ Ղազարյանի հետ գնացել էինք շրջագայության ու իմ ճամպրուկի պատճառով ուշացանք չվերթից: Գնում էինք ընդամենը 4 օրով, բայց ես մի շատ մեծ ճամպրուկ էի վերցրել ու, բնականաբար, հանձնել էի բագաժ: Սպասեցինք բագաժին եւ ուշացանք ռեյսից: Մենք պետք է գնայինք Իրկուտսկ, բայց քանի որ մեր ինքնաթիռը շարժվեց, մենք գնացինք բոլորովին այլ քաղաք, այնտեղից էլ՝ Իրկուտսկ: Դա շատ տանջալից պատմություն էր: Աշոտը թարս էր նայում ճամպրուկիս, ասաց. «Մեզ պոդվոդիդ արեց, չեմ ուզում երեսին նայել»:
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆ
-Իմ ամառային հանգիստը հիմնականում նախընտրում եմ անցկացնել Երեւանում, որովհետեւ ինձ համար ամռան ամենալավ վայրերից մեկը Երեւանն է, որտեղ ես կարողանում եմ լավ էլ հանգստանալ:
-Բայց երեւանյան շոգին հնարավո՞ր է հանգիստ կազմակերպել:
-Բայց լիքը լողավազաններ կան, մեծ ընկերական շրջապատ, որոնց հետ շփումն ինձ արդեն շոգի մասին մտածել չի տալիս:
-Իսկ հաշվե՞լ եք, թե Երեւանում անցկացրած հանգստի համար որքան գումար է պահանջվում:
-Երբեք չեմ հաշվել, բայց վերջում հասկանում եմ, որ մոտս կրիզիս է սկսվում: Պարզվում է՝ անտեղի շատ գումար վատնվեց ու գնաց անհասկանալի ուղղությամբ: Թեկուզ ամեն երեկո սրճարաններ գնալով, մի տեղ նստելով՝ պարզվում է՝ լավ էլ ծախսվեց:
-Այս տարի նույնպե՞ս ամառն անցկացնելու եք Երեւանում:
-Եթե ստացվի, օգոստոսի վերջ կգնամ Հունաստան՝ իմ ընկերների մոտ, նաեւ իմ պապական հայրենիք, որտեղ երբեւիցե չեմ եղել: Մայրիկիս հայրը բնիկ հույն է եղել:
-Հունաստանի համար որքա՞ն գումար եք նախատեսել:
-Կոնկրետ չեմ կարող ասել, դե մի 1000-2000 եվրո: Շատ երկար ժամանակով չեմ մեկնելու: Ես ինքս ինձ խոստացել եմ Սալոնիկից մի բուռ հող բերել, որ մեր բակում լցնեմ: