ՀԱՐՑ. Պարբերաբար հանդիպել եմ դեպքերի, երբ մահացածի հոգեհանգստի արարողությունն անցկացրել են եկեղեցում: Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքների ցանկացած եկեղեցում կարելի՞ է հրաժեշտի արարողություն իրականացնել: Կցանկանայի նաեւ տեղեկանալ՝ արդյոք դա վճարովի ծառայություն է, եւ եթե այո, ապա ի՞նչ արժե:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռեւս վաղ ժամանակներից այդ երեւույթը եղել է. հանգուցյալի մարմինը դրվել է եկեղեցում: Հնում դա ավելի համատարած բնույթ է կրել, հիմա, որոշակի պայմաններից ելնելով, այսինքն՝ որպեսզի ծիսական արարողությունները չխանգարեն միմյանց, առանձնացրել են որոշակի եկեղեցիներ, որտեղ այդ երեւույթը կատարվում է, դին դրվում է այնտեղ: Օրինակ՝ կարող եմ ասել, որ Էջմիածնի Շողակաթ եկեղեցում այդպիսի արարողություն կատարվում է, բայց համատարած չեմ կարող ասել, թե Հայաստանի կոնկրետ որ եկեղեցիներում է թույլատրվում: Որեւէ կոնկրետ սկզբունք չկա, որով որոշվում է՝ կարելի է այդ եկեղեցում անցկացնել նման արարողություն, թե ոչ. աստվածաբանական հատուկ մեկնաբանություններ չկան: Հնարավոր է՝ տվյալ եկեղեցում այդ ավանդույթը պահպանված եւ մեզ հասած լինի: Վճարի հետ կապված որեւէ բան ասել չեմ կարող: Քաղաքացին պետք է տանի եկեղեցի եւ տվյալ եկեղեցու հովվից հարցնի՝ վճարովի է այդ ծառայությունը, թե ոչ: Տրամաբանորեն կարծում եմ, որ հնարավոր է՝ վճարովի լինի:
համակարգի ժամանակավոր պատասխանատու
հայր Հուսիկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե եկեղեցիները տարբերակող որեւէ չափորոշիչ գոյություն չունի, ապա մնում է ենթադրել, որ հարցի լուծումը թողնված է տվյալ վանական կառույցի հոգեւոր հովվի հայեցողությանը: Ինչ մնում է ծառայության վճարովի կամ անվճար լինելուն, ապա վստահաբար կարելի է ասել, որ դրա դիմաց հանգուցյալի հարազատներից գումար է գանձվում. ի վերջո, բոլորին է հայտնի, որ մեր եկեղեցիներում ոչինչ անվճար չէ: