Մամուլի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Վանո Սիրադեղյանի թեման: Այս համատեքստում նաեւ հարձակումների շարք սկսվեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի վրա, թե իբր. “Երբ առաջին անգամ գլխավոր դատախազն ԱԺ-ում միջնորդեց, որ ձերբակալեն Վ. Սիրադեղյանին, Արամ Մանուկյանը մշակույթի փոխնախարար էր: Արամ Մանուկյանն ինքն է անձամբ խնդրել Վանո Սիրադեղյանին, որ կա՛մ չմասնակցի քվեարկությանը, կա՛մ կողմ քվեարկի դատախազի միջնորդությանը, քանի որ… կարող է իրեն աշխատանքից ազատեն”:
ԱԺ արխիվային տվյալները, սակայն, բոլորովին հակառակն են ապացուցում. այն, որ Արամ Մանուկյանին ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
Բայց այս ամենի մասին հերթով: Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունց զրկելու երկու փորձ է եղել: Առաջին անգամ 1999թ. հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել խորհրդարան՝ Վանոյին ձերբակալելու թույլտվություն ստանալու համար: Եւ ահա պատգամավորները մերժել են այդ միջնորդությունը. այդ օրը 165 գրանցված պատգամավորներից միայն 56-ն են կողմ եղել Վ. Սիրադեղյանի դեմ քրեական գործ հարուցելու դատախազի միջնորդությանը, 65-ը՝ դեմ, 24-ը՝ ձեռնպահ:
Քսան օր անց՝ փետրվարի 27-ին, դատախազը երկրորդ անգամ է միջնորդություն ներկայացրել խորհրդարան: Այս անգամ ոչ թե նրան կալանավորելու, այլ մեղադրանք առաջադրելու թույլատրություն ստանալու համար: Վանո Սիրադեղյանի բացակայությամբ ԱԺ-ում փակ քվեարկության արդյունքներն արդեն էականորեն տարբերվել են հունվարյան քվեարկության արդյունքներից՝ 102 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ: Իսկ 58 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը: Այդ օրը ելույթներով հանդես է եկել 23 հոգի, որոնց մեջ նաեւ ՀՀՇ խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ Արամ Մանուկյանը: Վերջինս իր ելույթում դեմ է արտահայտվել Վանոյի հանդեպ կատարվածին, քննադատել իրականացվող հետապնդումները: Արդյունքում՝ երկու շաբաթ չանցած՝ նրան ազատել են մշակույթի փոխնախարարի պաշտոնից: Ասել է, թե՝ ներկայացված մեղադրանքները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:
Եւս մեկ փաստ. ԱԺ կանոնակարգի համաձայն՝ քվեարկությունը եղել է փակ, ու որեւէ մեկը չի կարող պարզել, թե այս կամ այն անձն ինչպես է քվեարկել: Այսինքն՝ եթե անգամ որեւէ մեկը ցանկանար, հակառակ որեւէ մեկի, այս կամ այն կերպ քվեարկել, ապա նա կաներ՝ առանց դրա համար թույլատրություն խնդրելու:
Մեկ փաստ էլ. խոսվում է, որ երկրորդ քվեարկության ժամանակ ոչ մեկը դեմ չի եղել Վանոյին մեղադրանք առաջադրելուն: Առաջին հայացքից այսպես է, քանի որ ֆորմալ առումով “դեմ” ձայն չի գրանցվել: Բայց ԱԺ կանոնակարգը տալիս է քվեարկությանը դեմ գնալու երկու հնարավորություն, առաջինը՝ “դեմ” քվեարկելով (եթե ուժերիդ վստահ ես), երկրորդ՝ քվեարկությունը բոյկոտելով: Որոշ դեպքերում այս երկրորդ մեթոդն ավելի արդյունավետ է, ինչը եւ փորձ է արվել օգտագործել ՀՀՇ-ի կողմից: Տվյալ պարագայում 161 մասնակիցների դեպքում դատախազի միջնորդությունը կարող էր բավարարվել 82 ձայնով, եթե քվեարկում էին նաեւ “դեմերը”, իսկ բոյկոտի դեպքում՝ նվազագույնը 96 ձայնով: Ցավոք, հաջողվել է 96-ից ավելի ձայն հավաքել, այն էլ ոչ թե ձերբակալելու, այլ միայն մեղադրանք առաջադրելու համար:
Ա. ԳԱԼՈՅԱՆ