Վարդենիսի տուն-ինտերնատում նախարարի որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի տուն-ինտերնատում անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին: Քիչ չէր այն, որ «տուն-ինտերնատի վրա տնօրեն չի գալիս», հիմա էլ անսպասելիոն աշխատավարձերն են կրճատվել: Armlur.am-ի խմբագրություն են դիմել նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ՝ ներկայացնելով իրավիճակը: Խաբված աշխատակիցները, ովքեր չցանկացան նշել իրենց անունները, հայտնեցին, որ երեկ աշխատավարձ են ստացել, որից՝ առանց նախապես տեղեկացվելու, պահվել է 30-35 հազար դրամ: Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ ինքը 26 հազար դրամ է ստացել: Սա պատճառաբանվել է այն հանգամանքով, թե հաստիքային փոփոխություն է կատարվել:

«Մեզ հստակ պատասխան և բացատրություն չեն տալիս: Հունվարին պահանջված ձևով աշխատել ենք՝ 4 օրը մեկ: Փետրվարին աշխատել ենք 3 օրը մեկ, հետո՝ 2, ապա՝ նորից 3: Ու այսպիսի անկանոն ու խառնաշփոթ վիճակ է ստեղծվել: Անգամ հանգստյան օրեր չկան արդեն: Իսկ ամենամեծ անհեթեթությունն այն է, որ տուն-ինտերնատում տեսախցիկ են դրել ու ստիպում են, որ երեկոյան այդ «կամերայի» մոտով գնանք գանք: Մի անգամ նույնիսկ աշխատողներից մեկը «կամերայում» չի երևացել, ու արդյունքում՝ աշխատողների դեմ բացատրագիր է գրվել»,- վրդովված և հուսահատված նշեց մեր զրուցակիցներից մեկը՝ հավելելով, որ աշխատակիցներն անգամ իրենց իրավունքները պաշտպանել չեն կարողանում. նման քայլ անելու դեպքում խիստ նկատողություն են ստանում, նույնիսկ ազատվում աշխատանքից:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ավագյանի հետ, ով նշեց, որ ինքն ընդամենը երեկ է պաշտոնապես տեղեկացել իր նշանակման մասին և տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ անել չի կարող:

Արմեն Ավագյանի խոսքով՝ երկուշաբթի օրը՝ մարտի 2-ին, ինքը պետք է հանդիպի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ՝ իմանալու՝ ինչ փոփոխություններ են կատարվել տուն-ինտերնատի աշխատակարգում:

«Ես չգիտեմ՝ ինչը ինչից հետո է: Աշխատավարձերը երեկ են փոխանցվել: Մեզ մոտ կադրերի հետ կապված խնդիրներ կային, կրճատումներ են եղել: Չգիտեմ՝ ինչ հարցեր են առաջացել, այս պահին որևէ հստակ բան ասել չեմ կարող: Ես հարցրել եմ, ասացին՝ նախարարի որոշումն է: Ոչ մի բանից այս պահին տեղյակ չեմ: Ինչ-որ հաշվապահական և աշխատաժամերի խնդիրներ են առաջացել: Իսկ հաշվապահից դեռ ոչ մի բան չեմ ճշտել»,- ասաց մեր զրուցակիցը: Արմեն Ավագյանը բացառեց, որ այս խառնաշփոթ վիճակը կարող է կապված լինել կալանավորված նախկին տնօրենի՝ Արտակ Հարությունյանի հավանական չարաշահումների հետ:

«Այդպիսի բան չէր կարող լինել: Որևէ թաքուն բան չկա, որովհետև գործը թղթերի հետ է կապված»,- շարունակեց տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հաստիքային փոփոխությունների հետ կապված ևս Արմեն Ավագյանը որևէ հստակ պատասխան չտվեց՝ պատճառաբանելով, որ ինքը նման հարցերով չի զբաղվել: Ինչ վերաբերում է աշխատակիցներին վրդովվեցնող տեսախցիկների առկայությանը, մեր զրուցակիցն ասաց, որ այդ նախաձեռնությունը նախկին տնօրեն Արտակ Հարությունյանինն է, և այն նախատեսված է անվտանգությունն ապահովելու համար:

«Տեսախցիկների տեղադրումը նորմալ երևույթ է: Բոլոր առաջադեմ վայրերում տեսախցիկներ տեղադրվում են: Դա անվտանգության և ապահովության նկատառումներից ելնելով է արվել: Ես կարծում եմ՝ այն նույնիսկ անհրաժեշտություն է»,- եզրափակեց Արմեն Ավագյանը:

Հ.Գ. Գեղարքունիքի մարզում գտնվող տուն-ինտերնատը հաճախ է տարբեր պատմությունների կիզակետում հայտնվում: Բոլոր հովանավորները մշտապես փորձում են հարթել եղածը, սակայն, ինչպես ասում են, «ասեղը պարկում չես պահի»: Արդյունքում՝ մեկը մյուսին են հաջորդում դրամատիկ իրադարձությունները: Մնում է սպասել, թե նախարար Արտեմ Ասատրյանը նորանշանակ տնօրենին ինչպիսի պարզաբանումներ կտա, և դրանք ինչպես կհասցվեն տուն-ինտերնատի աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերի հիման վրա, փետրվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, կաշառք ստանալու, իշխանազանցության կամ անգործության դեպքերի առթիվ։

Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ եւ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ձերբակալվել է 5 անձ։ Նրանց թվում է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը:




Լրահոս