
Ամերիկայի Միչիգան նահանգի Էնն-Արբոր քաղաքում սկսվել է “խոսող ավտոմեքենաների” փորձարկումը, որոնք կարողանում են տեղեկություն փոխանակել և վարորդին տեղեկացնել պոտենցիալ վթարային իրավիճակի մասին:
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները` երկրի տրանսպորտի նախարարության կազմակերպած թեստերը կտևեն 1 տարի:
Սպասվում է, որ “խելացի” ավտոմեքենաների վարորդները, հայտնվելով քաղաքի խիտ երթևեկության մեջ, ձայնային և տեսողական նախազգուշացումներ կստանան այլ մեքենաների հետ բախվելու վտանգ առաջանալու դեպքում:
Ներկայումս 500 կամավորների մեքենաներում տեղադրված է հատուկ “վայ-ֆայ” համակարգ` փորձարկմանը մասնակցելու համար: Սպասվում է, որ մինչև հոկտեմբերի սկիզբ “խոսող” կդառնան մոտ 3 000 մարդատար մեքենաներ, բեռնատարներ և ավտոբուսներ: