ՀՀ Կոտայքի մարզպետարանի ու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2015 թվականի փետրվարի 28-ին տեղի է ունեցել «Բաց դռների օր» բարեգործական առողջապահական ծրագիրը:
Հարկ է նշել, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ և մարզային առողջապահական հաստատությունների բժիշկ-մասնագետների մասնակցությամբ նմանատիպ միջոցառումներ արդեն իսկ իրականացվել են մարզի մի շարք գյուղական համայնքներում:
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կայացած առողջապահական այս ծրագիրը նպատակ է ունեցել Հրազդանի տարածաշրջանի և հարակից այլ համայնքների բնակիչների համար կազմակերպել թոքաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության, վիրաբուժական հիվանդությունների, պրոկտոլոգիայի, մանկաբուժության, մանկաբանության և սեռավարակաբանության, նյարդաբանության, նյարդա-վիրաբուժության, սրտաբանության, էնդոկրինոլոգիայի և ակնաբուժության ուղղություններով համապատասխան անվճար հետազոտություններ ու տրամադրել անհրաժեշտ առողջապահական խորհրդատվություններ:
Կոտայքի մարզկենտրոնում «Բաց դռների օր» բարեգործական առողջապահական ծրագրին մասնակցել են Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի առաջատար բժիշկ-մասնագետները:
Հրազդանի տարածաշրջանի և հարակից այլ համայնքների բնակիչները նախաձեռնությանը մասնակցել են նախապես հրապարակված հայտարարության հիման վրա «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կազմակերպված հայտագրումների շրջանակներում և օգտվել հիշյալ հետազոտությունների հնարավորություններից:
Ամփոփելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի ու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում տեղի է ունեցած «Բաց դռների օր» բարեգործական առողջապահական ծրագրի արդյունքները` պատասխանատուները քննարկել են նմանատիպ նախաձեռնությունները շարունակական դարձնելուն միտված հարցեր: