Օգոստոսի 22-ին ՀՀ Սահմանադրական դատարանում կազմակերպվել էր քննարկում Լոռու մարզի Թեղուտի խնդիրների հետ առնչվող դատական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների և այն հարցի շուրջ, թե որ դեպքում ՀԿ-ները կարող են որպես շահագրգիռ կողմ դիմել դատարան: Այս մասին գրում է “Փաստինֆո” լրատվական գործակալությունը`նշելով, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական իրավունքի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Թեղուտի պաշտպանության հասարակական ակտիվիստներ, փաստաբաններ, իրավագետներ և լրագրողներ:
“Այն բոլոր հարցերը, որոնք հուզում են հասարակությանը, առաջացնում են մտահոգություն, և հասարակական կազմակերպությունները դրանց ակտիվ արձագանքում են, չեն կարող ուշադրությունից դուրս մնալ: Դա հենց պետության, պետական կառույցների, նաև` քաղաքացիական ինստիտուտների խնդիրն է՝ բացահայտել այդ հարցերի արմատները և գտնել համապատասխան լուծումներ”,-նշել է ՀՀ ՍԴ նախագահը:
Նա նշել է, որ ՍԴ-ի պարագայում կան օրենքով թելադրված սահմանափակումներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել: “Այդ սահմանափակումներից առաջինն այն է, որ ՍԴ-ն, որպես ինստիտուտ, գործը կարող է քննել միայն համապատասխան ընթացակարգով՝ դիմումի առկայության և գործը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում, երկրորդ խնդիրն այն է, որ սահմանադրական դատարանի որևէ անդամ, որևէ հարցի վերաբերյալ չի կարող իր տեսակետը, կարծիքն արտահայտել, եթե այդ հարցը կարող է դառնալ ՍԴ-ի քննության առարկա”,- ընդգծել է Գագիկ Հարությունյանը:
Նա անդրադարձել է նաև ՍԴ-ի արդեն իսկ ընդունած որոշումների կատարման ընթացքին և այն իրավիճակին, երբ բարձրացվում է դատական պրակտիկայում այդ որոշումներին հակառակ իրավական դիրքորոշումներով լուծումներ տանելու հիմնախնդիրը: Այս հարցը կդառնա Երևանում հոկտեմբերի 4-6-ը կայանալիք միջազգային խորհրդակցության առարկա:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհուրդը քննարկման արդյունքում կայացնելու է որոշում, որը մտնելու է ՍԴ-ի տարեկան հաշվետվության մեջ:
Խնդիրը, որը տարակուսանքի մեջ է գցել Թեղուտի քաղաքացիականան պաշտպանության ակտիվիստներին, այն է, որ հարցի դատական լսումների ժամանակ վճռաբեկ դատարանը մեկ անգամ հնարավորություն է տվել ՀԿ-ներին մասնակցել դատական վարույթին, մյուս անգամ` մերժել է:
Եզրափակելով քննարկումը՝ ՍԴ նախագահ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը նշել է, որ բարձրացված հարցերի մի մասը վերաբերում է ՍԴ-ին: Ըստ նրա՝ քննարկված հարցերի այդ շրջանակը կենտրոնի խորհրդին ներկայացվելուց հետո կարող է ներկայացվել ՍԴ-ին: Գևորգ Դանիելյանը ընդգծել է, որ քննարկման մի քանի հարցեր կներառվեն ՍԴ-ի տարեկան հաղորդման մեջ, որովհետև չի կարող Սահմանադրական դատարանի որևէ որոշում մեկնաբանվել այլ պետական մարմնի կամ դատական ատյանի կողմից: Ի դեպ այդ տեսակետի կողմնակից է նաև ՍԴ նախագահը:
“Խորհրդում անխուսափելիորեն կլինեն տարաձայնություններ, բայց մի բան պարզ է, որ ՍԴ-ի իրավական դիրքորոշումը հետևյալն է` ՀԿ-ները կարող են հանդես գալ որպես շահագրգիռ կազմակերպություններ: Այլ հարց է, որ կարգը պետք է օրենսդրորեն հստակեցվի”,-ընդգծել է Գևորգ Դանիելյանը: